Դասախոսություններից մեկի ժամանակ քննարկվում էր այն հարցը, թե Հարավ-արևելյան Ասիայի և հարակից տարածքների գրեթե բոլոր երկրներն անկախանալուց առաջ պատրաստ են եղել այդ գործընթացին: Մինչ անկախանալը այդ երկրներում արդեն ձևավորված են եղել պատրաստի կառավարիչներ, որոնք առաջին իսկ հարմար առիթի դեպքում նախաձեռնեցին պետականաշինության աստիճանական գործընթացը, ստեղծեցին կառավարման ինստիտուցիոնալ, ճկուն համակարգ և արդյունքները երկար սպասեցնել չտվեցին: Ի դեպ դրանց մեծ մասը կրթություն էին ստացել արևմուտքում, հիմնականում իրավաբանական: Ստորև ներկայացված է այդ շարքը.
1. Հնդկաստանի ազգային կոնգրես- Մահաթմա Գանդի, Ջավահարլալ Ներու և այլն:
2. Պակիստան, Մուսուլմանական լիգա- Մուհամադ Ալի Ջինա, Լիաքաթ Ալի Խան և այլն:
3. Ինդոնեզիա, Ինդոնեզիայի ազգային կուսակցություն- Մուհամմադ Հատա, Սուկարնո և այլն:
4. Չինաստանը չնայած չի մտնում թվարկված երկրների տրամաբանության մեջ, բայց չի կարելի չառանձնացնել Դեն Սյաոպինին, որը Մաոյի ձախողված քաղաքականությունից հետո հանդես եկավ որպես իսկական կառավարիչ և սկիզբ դրեց Չինաստանի անկասելի զարգացման գործընթացին: 
5. Թաիլանդ- Այս երկիրը ընդհանրապես միշտ աչքի է ընկել իր հզոր կառավարիչներով և երբեք գաղութ չի եղել: 
6. Մալայզիա- Տունկու Աբդուլ Ռահման
7. Սինգապուր- Լի Կուան Յու
Կառավարման բավականին հետաքրքիր պրակտիկա ունեն Ճապոնիան, Լաոսը, Մյանման, Հվ. Կորեան, Վիետնամը, բացառություն է կազմում միայն Կամբոջան, որը ժամանակին ներքին և արտաքին անբարենպաստ պայմաններում հուժկու ցնցումների ենթարկվեց՝ հատկապես Պոլ Պոտի իշխանավարման տարիներին: 
Չխորանալով այս երկրների պատմական զարգացման առանձնահատկությունների մեջ՝ փորձենք որոշ համեմատական գծեր անցկացնել Հայաստանի հետ: 
20-րդ դարի առաջին երկու տասնամյակների քաղաքական տարաբնույթ գործընթացների համակողմանի վերլուծության արդյունքում, կարող ենք փաստել, որ հայ քաղաքական վերնախավը, քաղաքական կուսակցությունները, որոնք ըստ էության ստեղծման առաջին օրվանից իրենց ռազմավարական հայեցակարգերի հիմնաքար էին հռչակել անկախության վերականգնումը, բայց, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ ոչ մի էական քայլ չէին իրականացրել և անկախության վերականգնումից հետո պատրաստ չէին ըստ պատշաճի իրականացնել երկրի կառավարումը: Ստորև բերված հատվածը խոսքերի վառ ապացույցն է.
«Ի նկատի ունենալով, որ Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակումով լուծարվում է Անդրկովկասյան դաշնակցությունը, Հայոց ազգային խորհուրդը ժամանակավորապես իր վրա է վերցնում կառավարման ֆունկցիաները հայկական գավառների նկատմամբ»: Այսինքն՝ հայերն ամենայն հավանականությամբ չէին էլ կանխատեսել, որ իրադարձությունները կարող են նման կերպ զարգանալ և փաստորեն անկախության մասին սկսում են մտածել միայն Ադրբեջանի և Վրաստանի անկախացումից հետո:
Նույնը կարող ենք ասել Երրորդ հանրապետության դեպքում: Մինչ ԽՍՀՄ փլուզումը ոչ ոք չէր կանխատեսել աշխարհաքաղաքական զարգացումների այդ տարբերակը և փաստորեն անկախությանը ոչ ոք չէր նախապատրաստվել, իսկ եթե եղել են առանձին անհատներ, ապա նրանք էլ չեն մտածել, թե ինչ պետք է անել անկախանալուց հետո: 
Ոչ ոք չի փորձում որևէ կերպ ստվեր գցել Առաջին կամ Երրորդ հանրապետությունների նշանակության վրա, դրանք բարձրագույն արժեքներ են՝ առաջինը խորհրդանշական առումով, իսկ երրորդը՝ որպես գոյություն ունեցող իրողություն:
Վերջապես պետք է կարողանանք ձերբազատվել «դե կռված տղա է» բարդույթից և մտածել արհեստավարժ կառավարիչներ ունենալու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել