Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որտեղ ծնելիությունը բարձր տոկոս չի կազմում, և կանխատեսելի է, որ ծնելիության նվազման խնդիրը պետք է լինի պետության մշտական հոգածության կարիք ունեցող խնդիրներից մեկը, հատկապես այն պարագայում, երբ որ երկրում բնական աճի վրա ազդում է նաև արտագաղթի գործոնը:

Ինչպես ասում են՝ ինչքան բարձր լինի երկրում ծնելիության մակարդակը, այնքան հզոր կլինի մեր պետությունը, քանի որ Հայաստանի համար դեմոգրաֆիկական խնդրի լուծումն արդեն իսկ ռազմավարական նշանակություն ունի:

Հենց սրանով է պայմանավորված «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» նախագծի ընդունումը: Նախագծի նպատակն է սահմանել անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները:

Բանն այն է, որ Հայաստանում առկա է անպտղության բարձր ցուցանիշ, ինչը մեծապես բացասական է ազդում երկրի ծնելիության ցուցանիշների վրա: 2011թ. ՀՀ-ում իրականացված ընտրանքային հետազոտության տվյալների համաձայն՝ 18-45 տարեկան կանանց շրջանում անպտղության ցուցանիշը կազմում է մոտ 16.8%, իսկ տղամարդկանց մոտ՝ 5.2%: Ըստ իրականացված հաշվարկների՝ զույգերի համար անպտղության միջին ցուցանիշը ընդունվում է 16,8%:

Հարկ է նշել, որ անպտղության բուժումը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծախսատար է և ունի շատ բարձր արժեք, ինչն այդ ծառայություններից օգտվելն անմատչելի է դարձնում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված բնակչության խմբերի համար: Ուստի նոր նախագծի համաձայն անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը մատչելի կդառնա բնակչության համար, ինչի արդյունքում Հայաստանում ավելի շատ երեխաներ կծնվեն:

Հույս ունենանք, որ երկրի ծնելիության մակարդակը բարձրացնելուն ուղղված պետության քայլերը սրանով ոչ միայն չեն ավարտվի, այլև նոր թափ կստանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել