Ողջ աշխարհում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է անհավանական արագությամբ: Հայաստանը ևս հետ չի մնում աշխարհի զարգացած երկրներից: Այս ոլորտը մեր երկրում համարվում է գերակա: 
Վերջին տարիներին Հայաստանը մի շարք հաջողություններ է գրանցել ՏՏ ոլորտում` «Թումո» կենտրոնի բացում, Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոն»-ի բացում, տեխնոլոգիական նորություններ:

Կարող ենք արձանագրել, որ մայիսի 26-ին Հայաստանում ՏՏ ոլորտը մի մեծ քայլով առաջ գնաց` շնորհիվ «Մայքրոսոֆթի» և Կառավարության միջև ստորագրված հուշագրերի: 
Գործադիրի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է Կառավարության առաջնահերթություններից մեկը: Եվ ահա կնքված համաձայնագրերի շնորհիվ առավել արդյունավետ կդառնա մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը և տվյալների անվտանգությունը, ինչը ողջ աշխարհում խնդիր է: Ինչպես նաև երկարաժամկետ համաձայնագիր է ստորագրվել կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ:

«Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ համաձայնագրերի ստորագրումը կնպաստի տաղանդավոր ճարտարագետների ու ձեռներեցների՝ ավելիին հասնելու հնարավորություններ ունենալուն:
Ի ուրախություն տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի մասնագետների` կառավարության և «Մայքրոսոֆթի» միջև ստորագրված համաձայնագրերը լայն հնարավորություններ կստեղծեն մասնագետների վերապատրաստման, կադրային կատարելագործման առումով, ժամանակի ընթացքում կավելանան նաև նոր աշխատատեղեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել