Մինչ «Իսլամական պետության» ահաբեկչական հորդաները գտնվում են Բաղդադից մոտ 100, իսկ Դամասկոսից 250 կմ հեռավորության վրա, Իրաքի տարածքում կազմակերպելով առգրավված զինտեխնիկայի «շքերթներ», իսկ Սիրիայում՝ «թատերականացված» զանգվածային մահապատիժներ, աշխարհի հզորագույն պետությունն իր ողջ ռազմական կարողությամբ հանդերձ փաստացիորեն չի կարողանում սանձել ծայրահեղ իսլամիստների անհագ ախորժակը:

Ուշագրավ է, որ Իրաքի և Սիրիայի արդեն իսկ հսկայական տարածքներ զբաղեցնող «Իսլամական պետությունն» իրականում շրջապատված է ամերիկյան ռազմակայաններով, զորամիավորումներով և տեղական զինված ուժերին օժանդակող զինվորական մասնագետներով ու խորհրդականներով, եթե հաշվի առնելու լինեք այն հանգամանքը, որ այդպիսիք կան Իրաքում, Թուրքիայում, Հորդանանում, Քուվեյթում, Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում և Իսրայելում:

Այս համատեքստում առնվազն տարօրինակ է թվում, որ զանազան ծայրահեղականների հետ փաստացի կենաց-մահու կռիվ տվող սիրիական բանակի ջլատված օդուժը հատկապես վերջին օրերի ընթացքում ավելի արդյունավետ հարվածներ է հասցնում իսլամիստներին, քան իր հզորությամբ աշխարհի համար մեկ ամերիկյան օդային նավատորմը:

Այս ամենն ինքնաբերաբար ծնում է բազմաթիվ հարցեր՝ կապված «Իսլամական պետությանն» իրոք շոշափելի վնասներ հասցնելու և վերջինիս առաջընթացն ի վերջո կասեցնելու Վաշինգտոնի իրական կամքի և ցանկության վերաբերյալ, որից, ի դեպ, կախված է նաև մերձավորարևելյան տարածաշրջանի մի քանի հնագույն ժողովուրդների և դավանական հանրույթների հետագա ֆիզիկական գոյությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել