Այսօր ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր և փոխգործակցությանն ուղղված պայմանագիր: Համաշխարհային այս առաջատար կազմակերպության մուտքը լուրջ հաջողություն է մեր երկրի համար՝ տեղեկատվական անվտանգության տեխնոլոգիաներն ավելի բարձր մակարդակի հասցնելու, ինչպես նաև նորարարության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացում ապահովելու համար:

Հիշեցնենք, որ նախատեսվում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնում, որը ենթադրում է մոբայլ և ամպային տեխնոլոգիաների ոլորտներում տարածաշրջանային ուժեղ կենտրոնի ձևավորում: Կարիք չկա բացատրելու, թե այս կենտրոնի գործունեությունը որքան կնպաստի տնտեսության մեջ տարբեր ոլորտներում նորարարական ծրագրերի իրագործմանը, իսկ կրթության ոլորտում՝ բարձր որակի մասնագետների պատրաստմանը:

Միաժամանակ, նախատեսվում է, որ Կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների ձեռքբերումն իրականացվելու է «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից լիազորված գործընկերներից:

Սա, բնականաբար, ավելի կմեծացնի տեղեկատվական ծրագրերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը: Դա միաժամանակ կմեծացնի Հայաստանի Հանրապետության հեղինակությունը՝ գաղտնիք չէ, որ Հայաստանը հաճախ դիտարկվում է որպես «պիրատ երկիր» անօրինական համակարգչային ծրագրերի կիրառման և անօրինական տեսաձայնագրման արտադրանքների (ֆիլմեր, համակարգչային խաղեր, համերգենր և այլն) տարածվածության առումով:

Եթե իսկապես կարողանանք լիարժեքորեն օգտվել այս համաշխարհային գերհսկայի առաջարկած հնարավորություններից, ապա դրա արդյունքում կստեղծվեն նոր գաղափարներ, իսկ սա իր հերթին խթան կլինի նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտների այլ հսկաների մուտքին մեր երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել