Երեկ ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում կայացավ «Մեռած հոգիներն աշխույժ ընթացքի մեջ են» ներկայացումը: Բեմադրությունը երիտասարդ ռեժիսոր Գայանե Արկոյինն էր, իսկ դերերում Ֆրիդա Յորքը և Տաթև Հովակիմյանն էին, վերջինիս հանդիսատեսը ճանաչեց «Ավարատ թռիչք» գեղարվեստական ֆիլմից:

Ներկայացման հիմքում Նիկոլայ Գոգոլի նամակներն էին՝ հավաքագրված մի պատմության մեջ: Ֆրիդան Տաթևի մտքի, երևակայության ստեղծած կերպարն էր, ով չէր կարողանում հասկանալ՝ ճի՞շտ է ապրել իր կյանքում, թե՞ ոչ: Ըստ Գոգոլի նամակների՝ պաս պահելով նա կբուժվի, կմաքրվի, բայց հակառակն է լինում, և նա ավելի արագ է անդունդը գլորվում:

«Մենք չէինք ներկայանում որպես տղամարդիկ, մենք ներկայացնում էին Գոգոլին: Ներկայացման հիմնական մեխն Ակակե Ակակևիչն է, ում ստեղծել է Գոգոլը՝ որպես խեղճ կերպար: Կարծում եմ՝ բարդությունները շատ էին, բայց ես և Ֆրիդան ամեն կերպ իրար զգում էինք բեմում, կարծես ձուլվել էինք մեկ մարմնում»,-Blognews.am-ի հետ զրույցում նշեց Տաթև Հովակիմյանը, ով երեկ գերազանցությամբ ավարտեց ԵԹԿՊԻ չորրորդ կուրսը:

Տաթևը և Ֆրիդան առաջին անգամ էին միասին խաղում, բայց ոչ վերջին. «Նախ ասեմ, որ այս տեսակ ներկայացումներն ինձ շատ հոգեհարազատ են, իսկ հաղթանակը նրանում է կայանում, որ երկուսս էլ խաղում էինք Գոգոլ: Սովորաբար ասում են, եթե երկու աղջիկ է բեմում, ապա մրցակցություն կա: Կարևոր չէ, թե այս պարագայում որ մեկս ավելի լավ խաղաց, այլ այն, թե ինչպիսի ներկայացում ստացվեց: Շատ եմ ուզում, որ այս տեսակ ներկայացումներին ավելի շատ տեղ տրվի»:

Ֆրիդան Տաթևին խորհուրդ տալու հարցում չափազանց զուսպ է եղել. «Այս հարցում շատ խելացի պետք է լինել, այլ ոչ թե փորձել ինքնահաստատվել. ես կարիք չունեմ ինձ ցույց տալու: Եթե կարողացել եմ օգնել Տաթևին, ապա միայն ուրախ եմ դրա համար, ամեն դեպքում փորձել եմ չխանգարել»:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել