Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձը հասարակության օղակներում տարբեր ձևով է մեկնաբանվում: Մեծամասամբ շրջանառվում է այն վարկածը, որ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցների հեղինակը հենց ինքը` Սյունիքի մարզպետն է:

Այսօր ՏԿԱԻ նախարարության շենքում լրագրողները Սուրիկ Խաչատրյանից փորձել են պարզել, թե մարզպետն ինչ գնահատական կտա շատերի կողմից հնչող վերոնշյալ կարծիքին: Ի պատասխան լրագրողների հարցին՝ վերջինս ասել է. «Շատերը նման կարծիք չունեն, մի քանի թափթփուկ նման կարծիք ունի, ոչ մի նորմալ մարդ նման կարծիք չունի»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակության 90 %-ի մոտ գերակշռում է վերոնշյալ թեզը, հարց է առաջանում, թե ի՞նչ իրավունքով է Խաչատրյանը թափթփուկ անվանում ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներին: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, եթե մարդիկ անխելքի նման չեն հավատում կլոունադային, ապա թափթփուկ են:
Միգուցե ես և ինձ նման շատերը կարծիք ունենք, որը տարբերվում է Լիսկայի կարծիքից, հիմա ի՞նչ, արդյո՞ք ես թափթփուկ եմ:
Մարզպետի անչափ «կոռեկտ» պատասխանը լսելուց հետո հարց է առաջանում` Խաչատրյանը հետևո՞ւմ է ամենօրյա լրահոսին, տեսնո՞ւմ է, թե ինչ է խոսում հասարակությունն իր մեքենայի վրա կրակոցների թեմայի շուրջ:

Եվ որքան էլ փորձում եմ Լիսկայի ասածի մեջ տրամաբանական բան գտնել, ավելի ու ավելի եմ համոզվում, որ իրականում հասարակությունը գործ ունի մի սովորական թափթփուկի հետ: 
Էլ չեմ խոսում Սյունիքի չարիքի կենսագրության հետ կապվող նյութերի մասին, որոնց հիման վրա հնարավոր կլիներ նկարել բազմասերիանոց մարտաֆիլմ:

Լիսկան պետք է վերջապես հասկանա, որ նմանատիպ թեզերի շրջանառման, կատարվածի մեջ իրեն կասկածելու պատճառները կապված են իր` ոչ այնքան լուսավոր անցյալի հետ: Չէ՞ որ շատերի կարծիքով Սյունիքի մարզպետը սա արել է, որպեսզի հասարակության առաջ ընդունի զոհի կերպար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել