Վերջին տարիներին գրեթե ամեն տարի լույս է տեսնում Marvel ամերիկյան կոմիքսների՝ տիեզերքի սուպերհերոսների մասին պատմող հերթական բլոքբասթերը՝ բազմամիլիոնանոց բյուջեով, էքշնով հագեցած, հետաքրքիր սյուժեներով և, որ հատկանշական է՝ մտացածին սուպերհերոսների նորանոր խմբաքանակներով։ Իքս մարդիկ, Բեթմենը, Սուպերմենը, Սարդ մարդը, Կապիտան Ամերիկան, Թորը, Հալքը… Մենք արդեն վաղուց կորցրել ենք հաշիվն այդ բազմաթիվ սուպերհերոսների, որոնցից ոմանք մարդիկ են, ոմանք՝ մուտանտներ, ոմանք՝ այլմոլորակայիններ, իսկ ոմանք էլ՝ աստվածներ։ Եկեք հիշենք դրանցից 10 ամենաուժեղներին ու պարզենք, թե ով է նրանցից ամենազորեղը։

10. Երկաթե Մարդը

Հանճար, միլիարդատեր և փլեյբոյ Թոնի Սթարքը, ի տարբերություն շատ այլ սուպերհերոսների, մեծ հաշվով չունի ոչ մի սուպեր ունակություն, պարզապես նա խելացի է ու հարուստ, ինչի շնորհիվ էլ նա կարողացավ ստեղծել իր կոստյումը, որի շնորհիվ նա գերուժեղ ու գերպաշտպանված հերոս է։ Երկաթյա մարդը կարողանում է 90 տոննա կշռող իրեր բարձրացնել, երբ իր կոստյումը հագին է, իսկ ռեակտիվ կոշիկներն ու ձեռնոցները թույլ են տալիս նրան թռչել ու կրակել։ Բացի դրանից, նրա կոստյումն ունի բազմապիսի բարձր տեխնոլոգիական զենքեր. հրթիռներ, լազերներ, կրականետեր և այլն, իսկ նրա սաղավարտում գտնվող կառավարման համակարգը ներառում է կապի, սկանավորման ու ձայնագրման համակարգեր։

9. Բեթմեն

Եվս մի դիմակավորված սուպերհերոս, ով իր առօրյայում մուլտիմիլիարդատեր է ու բարեգործ, ում իրական անունը Բրյուս Ուեյն է։ Այն բանից հետո, երբ Բրույսի ծնողներին սպանում են նրա աչքերի առջև, նա որոշում է անողոք պայքար մղել հանցավորության դեմ ու ստեղծում է Բեթմենի կերպարը։

Բեթմենը ևս չունի ոչ մի սուպերունակություններ և առավելապես հիմնվում է իր ինտելեկտի ու ֆիզիկական պատրաստվածության վրա։ Նա քողարկման վարպետ է, ինչպես նաև մարտարվեստների բոլոր ժամանակների լավագույն գիտակներից մեկը։ Տարատեսակ մարտարվեստների իմացությանը գալիս են լրացնելու տարատեսակ զենքերի հմուտ գործածությունը, հատկապես՝ սառը զենքերի։

8. Կապիտան Ամերիկա

Կապիտան Ամերիկան, ըստ կոմիքսների և ֆիլմերի, նպատակային ստեղծված պերսոնաժ է, ով, ծնվելով 1917 թվականին, հավաքագրվում է Զինված ուժեր Երկրորդ համաշխարհայինի տարիներին, որտեղ նրան ներառում են գաղտնի ռազմական պրոյեկտի մեջ, որի նպատակն էր ստեղծել կատարյալ զինվոր։ Փորձարկման արդյունքում Ռոջերսը նիհար ու վտիտ պատանուց վեր է ածվում գերմարդու, ով ունի գերմարդկային ուժ, դիմացկունություն ու արագություն, իսկ մարտական փորձն ու մարտավարական հմտությունները Կապիտան Ամերիկային իդեալական դաշտային հրամանատար են դարձնում։ Բացի դրանից, Կապիտան Ամերիկան տիրապետում է տարատեսակ մարտարվեստների ու զինատեսակների, իսկ նրա հիմնական զենքը գերպինդ մետաղից պատրաստված վահանն է։

7. Շատակերիկ (Wolverine)

Այս ահեղ սուպերհերոսի կեղծանունը հայերենով ծիծաղելի է հնչում, ինչևէ, Շատակերիկը, նույն ինքը՝ Ջեյմս «Լոգան» Հոուլետը, ըստ կոմիքսային պատմության, ծնվել է Կանադայում մոտավորապես 1886 թվականին ու մասնակցել է դրանից հետո տեղ գտած գրեթե բոլոր պատերազմներին։ 1970-ականներին Լոգանը ներգրավվում է «Իքս զենքը» գաղտնի ծրագրին, որի ժամանակ նրա կմախքն ամրացնում են ադամանտիում կոչվող ամենապինդ մետաղով, իսկ մատների արանքից դուրս եկող ոսկրե փշերի փոխարեն երեքական շեղբեր են տեղադրում կրկին ադամանտիումից։

Լոգանը մուտանտ է, ում սուպերունակությունը կայանում է ֆենոմենալ ռեգեներացիայի ու վեց ոսկրե փշեր ունենալու մեջ (որոնք փոխարինվեցին սարսափելի դաշույններով)։ Տեսականորեն, Լոգանն անմահ է, քանի որ նրա օրգանիզմը չի ծերանում, իսկ նրան սպանելը գրեթե անհնար է։ Լագոնին ուժեղ է դարձնում նաև մարտարվեստների իմացությունը, բայց ամեն դեպքում նրա գլխավոր առանձնահատկությունը կայանում է, գրեթե անխոցելի լինելով հանդերձ, կատաղած գազան դառնալու կարողության մեջ, որը զինված է ամեն ինչ կտրելու ունակ 6 դաշույններով։

6. Մրրիկ

Իքս մարդկանց մեկ այլ ներկայացուցիչ է Օրորո Մոնրոն՝ Մրրիկը։ Ըստ կոմիքսների՝ Մրրիկի մայրն աֆրիկյան հազվագյուտ մի ցեղից էր, որի կանայք սպիտակ մազեր ունեին ու կախարդություններ էին կարողանում անել, սակայն ինչպես հետագայում է պարզվում, պարզապես այդ ցեղում յուրահատուկ մուտացիա է տեղ գտնում, ու Օրորոն բացառություն չէր այդ առումով։ Շնորհիվ այդ մուտացիայի՝ Մրրիկը կարողանում է իրեն ենթարկել եղանակը, ինչպես նաև կարողանում է թռչել։ Բացի նրանից, որ Մրրիկը տարբեր մարտարվեստների գիտակ է, նա նաև խիստ ճարպիկ է ու կարողանում է աննկատ մնալ, քանի որ փոքր տարիքում գոյատևել է՝ գրպանահատություն անելով։

5. Սարդ Մարդ

Սարդ Մարդու իսկական անունը Փիթեր Փարքեր է։ Փիթերը սովորական դեռահաս էր, մինչև 15 տարեկան հասակում նրան չխայթեց ռադիոակտիվ մի սարդ, ինչի արդյունքում պատանու մոտ անսպասելիորեն սուպեր ունակություններ զարգացան։ Կորցնելով սկզբում ծնողներին, հետո էլ հորը փոխարինած հորողբորը՝ Սարդ Մարդն իրեն ամբողջովին նվիրաբերում է հանցագործության ու անարդարության դեմ պայքարին։

Սարդ մարդու սուպեր ունակություններն են սուպեր ուժը, ճարպկությունը, «սարդային հոտառությունը», ռեգեներացիան, ինչպես նաև սարդի նման ցանկացած մակերեսի վրա կայուն մնալը և ձեռքերից սարդոստայններ բաց թողնելը։ Ըստ պատմության՝ նա ևս մի սուպերունակություն ունի՝ շատ ավ լուսանկարում է։ Ի դեպ, սուպերհերոսներից միայն նա է կարողացել «հաղթել» Հալքին՝ ծիծաղելի անեկդոտ պատմելով նրան, ինչից զայրույթն անցել է, ու Հալքն էլի դարձել է Բրյուս Բեններ։

4. Սուպերմեն

Սուպերմենը, նույն ինքը՝ Քալ-Էլը, նույն ինքը՝ Քլարք Քենթը, կարելի է ասել, որ Բեթմենի հակապատկերն է, ով մեծացել է սովորական ֆերմերների ընտանիքում, սակայն հանդիսանում է Կրիպտոն մոլորակը բնակեցնող այլմոլորակային ռասայի վերջին ներկայացուցիչներից մեկը, ով արդարության սրացված զգացում ունի։ Հասունանալով Սուպերմենն իր ողջ գերմարդկային ուժն ուղղում է մարդկանց օգնելուն։

Սուպերմենը բազմաթիվ ունակություններ ունի։ Նա ֆանտաստիկ ուժի տեր է, անասելի արագաշարժ է, չտեսնված լսողություն ունի ու գրեթե անխոցելի է ամեն ինչի ու ամեն բանի հանդեպ, բացի կրիպտոնիտ ռադիոակտիվ ապարից։ Բացի դրանից, նա կարողանում է թռչել, ռենտգենային տեսողություն ունի և աչքերից կարողանում է լազերներ բաց թողնել։ Սակայն չնայած այս ամենին՝ նրա միակ խոցելի կետը բազմիցս է օգտագործվել Սուպերմենի դեմ, ու նրան մի քանի անգամ «քոթակել են» այլ չար ու բարի սուպերհերոսներ։

3. Ջին Գրեյ/Փյունիկ

Իքս Մարդկանց կազմակերպության հիմնադիրներից մեկը հանդիսացող Ջին Գրեյը նաև հանդիսանում է Marvel-ի տիեզերքի ամենահզոր էակներից մեկը, քանի որ նա, լինելով մուտանտ, սովորական մուտանտ չէ, այլ Փյունիկի ուժն իր մեջ ներառող մեկը։ Երբ Ջինն ազատություն է տալիս Փյունիկին, նա վեր է ածվում գրեթե աստվածային հզորություն ունեցող անկառավարելի արհավիրքի, ինչպես նաև օժտված է Փյունիկին հատուկ մեկ այլ առանձնահատկությամբ՝ մահանալուց հետո վերստին հառնելու, թեև ֆիլմերում դա դեռ չի ցուցադրվել։ Իսկ երբ Ջինը չի ազատում Փյունիկին, նա գերհզոր տելեպատիայի, տելեկինեզի ու էներգիայի մանիպուլյացիայի տիրապետող մուտանտ է։

2. Հալք

Հալք-Բրյուս Բենների պատմությունը շատ է հիշեցնում «Դոկտոր Ջեքիլլն ու միստր Հայդը» գրքի պատմությունը։ Ունենալով շատ ծանր մանկություն (Բրյուսի հայրը սպանում է նրա մորը, երբ նա դեռ մանկահասակ երեխա է լինում)՝ Բրյուսը դառնում է ինքնամփոփ, բայց խիստ տաղանդավոր երիտասարդ։ Մի անգամ լաբորատորիայում արտակարգ պատահարի արդյունքում Բրյուսն ուժգին ճառագայթման տակ է հայտնվում իր իսկ պատրաստած գամմա-ռումբի պայթյունի պատճառով, և դրա արդյունքում նա սկսում է վերածվել անդիմադրելի ու խելահեղ մի կանաչ հրեշի՝ Հալք անունով։

Հալքը մոլորակի ամենազորեղ էակներից է։ Տեսականորեն, նրա ուժը սահմաններ չունի, քանի որ այն ուղիղ համեմատական է Բրյուսի զայրանալու աստիճանին։ Որքան ավելի են նրան զայրացնում, այնքան ավելի անպարտելի ուժով է պատվում Հալքը։ Ուստի գերմարդկային ու անսահամանափակ ուժը, ինչպես նաև արհավիրքի վերածվող կատաղությունը, Հալքի սուպեր ունակություններն են, որոնք նրանք դարձնում են կոմիքսների աշխարհի ամենազորեղ սուպերհերոսներից մեկը։

1. Թոր

Թորի կերպարը հիմնված է նույնանուն սկանդինավյան աստծո կերպարի վրա, ով հին վիկինգների ռազմի և ուժի աստվածն էր։ Marvel-ի տիեզերքում պահպանված են սկանդինավյան դիցաբանության դետալները։ Թորն անպարտելի ռազմիկ է, ինչպես նաև անասելի բարի և արդարամիտ։ Սթեն Լին՝ լեգենդար կոմիքսների գլխավոր հեղինակը, ստեղծել է Թորին՝ որպես սուպերհերոս, ով ավելի զորեղ է, քան անգամ ինքը՝ Հալքը։

Թորն ի ծնե օժտված է բազմաթիվ սուպեր ունակություններով. նա կարողանում է թռչել, կառավարել կայծակը, գերմարդկային ուժ ունի, գերարագաշարժ է, անասելի դիմացկուն է ու անկոտրում կամքի տեր է։ Բացի դրանի, Թորի Մյոլնիր մարտական մուրճը թույլ է տալիս նրան տելեպորտացիա անել, ավելի է մեծացնում նրա հարվածի ուժը, օգնում է հետ մղել նրա վրա իրականացվող հարձակումները։ Այդ մուրճը ձեռքը կարող է վերցնել միայն նա, ով արժանի է։

Թորն ամենաուժեղն է սուպերհերոսներից, ու սա ոչ թե զուտ ինչ-որ համեմատություններից է բխում, այլ որովհետև հենց այդպես է պատասխանել այս բոլոր սուպերհերոսների կերպարները ստեղծած Սթեն Լին երկրպագուների հետ ֆորումային շփման ժամանակ։ Երբ նրան հարցրել են, թե ո՞վ կհաղթեր, եթե բոլոր սուպերհերոսները մենամարտեին միմյանց դեմ, Սթեն Լիի պատասխանը եղել արագ, կարճ և կոնկրետ. «Թորը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել