Եվրատեսիլ երգի մրցույթում մենք պարտություն կրեցինք, այն էլ շատ տհաճ ձևով: Մեր բարեկամ երկրներն անգամ 8 միավոր չտվեցին մեզ, համաձայնենք, որ այդ մրցույթում քաղաքականությունը շատ մեծ դեր ունի, բայց ամեն ինչ այդ հիմքով բացատրելն էլ ճիշտ չի: Պետք է խոստովանենք, որ այս տարի գաղափարը լավն էր, կատարումը՝ կատաստրոֆիկ վատը: Գոհար Գասպարյանին էլ մեկ-մեկ հիշեցրեք, որ կոնչիտաների հետ սելֆի անելու համար իջնելը լավ բան չի:

Լույսի գնի թանկացման դեմ բողոքում են բոլորը, անգամ հանրապետականները: Երվանդ Զախարյանի թոշակի տարիքը եկել է, ու աչքիս դա է պատճառը, որ նա չի տեսնում կատարվող իրադարձությունները: Պարո՛ն նախարար, հետևողական եղեք, որ լեքսուսների համար հասարակ սպառողները չտուժեն: Վաղն էլ կարող է ինքնաթիռ գնեն, ի՞նչ՝ լույսի գինը 25 դրամով պետք է թանկանա՞: Մութ ժամեր ակցիան հիանալի նախաձեռնություն է: Շաբաթը մեկ որ բոլորս լույսերն անջատենք, նոր կզգան մեր ուժը:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ էր ինչ-որ ամփոփումներ անում, իրեն լսես՝ մենք ամենա-ամենա երկրում ենք ապրում: Պրն. նախարարն իր քանդածների մասին չի սիրում խոսել, երևի դրա համար էլ այդ մասերը շրջանցեց: Տեսեք՝ էլ ինչ պատմամշակույթային կենտրոններ կան, դրանք էլ քանդեք ու ասեք, որ ամեն ինչ լավ ա: Քաղաքաքանդության նախարարի իդեալական թեկնածու է Նարեկ Սարգսյանը, ոչ թե քաղաքաշինության:

Ռիգայում ավարտվեց Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը: Մի կողմ թողնենք այնտեղի քաղաքական ու ոչ քաղաքական երևույթները և մի հիանալի փաստ արձանագրենք: Բացի Ցեղասպանության և Արցախի հարցերից՝ Հայաստանը միջազգային ասպարեզում և տարածաշրջանում բարձրացնում է իր դերը և ամրապնդում է իր դիրքերը մեկ այլ կոնտեքստում: Այսպիսով՝ հիմա միակ երկիրը, ով ԵՄ և ԵՏՄ-ի միջև կարող է կապ հաստատել, Հայաստանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել