Միջին Արևելքում և հատկապես Սիրիայում ամենավտանգավոր տարրը ոչ թե Իսլամական պետությունն է, այլ Ալ Նուսրան, որն իր հերթին Իսլամական էմիրություն է հռչակել այդ երկրի տարածքում: Բոլորովին վերջերս Սաուդյան Արաբիան, Քաթարը և Թուրքիան վերջապես համաձայնության եկան, որ միավորվում են նախագահ Ասադի վարչակարգը կործանելու գաղափարի շուրջ և որ որևէ ռեսուրսներ չեն խնայելու՝ հասնելու այդ նպատակին: Անմիջապես Ալ Նուսրայի գլխավորությամբ կազմավորվեց Ջայշ ալ Ֆաթթահ-ը՝ Նվաճման բանակը, որը բացի ԻՊ-ից միավորեց Սիրիայի բոլոր հզոր ահաբեկչական խմբերին, և որի առաջին իսկ գործողությունն Իդլիբ շրջկենտրոնում շռնդալից հաջողություն ունեցավ: Ռազմական տեխնիկան, որ տրամադրվել է այդ հորդային, չունի մրցակցություն հակառակորդ կողմում: Այն ընդունակ է առանց որևէ ջանքի ոչնչացնել կառավարական յուրաքանչյուր տանկ՝ վերացնել յուրաքանչյուր կրակակետ: Երեկ՝ մեկ ամսվա պաշարումից և բանակի բարձրաստիճան սպաների հերոսական դիմադրությունից հետո, ընկավ և Ջիսր ալ Շուղուր ավանի կենտրոնական հիվանդանոցը, որտեղ շուրջ երկու հարյուր զինվորական էր ապաստանել: Թեև կառավարությունը հայտարարում է, որ իրեն հաջողվել է էվակուացնել զինվորականների մեծ մասին, իրականում փրկվել է շրջափակվածների մեկ երրորդից ոչ ավելին: Քաղաքային ավանի վերջնական այդ անկումը Սիրիական պատերազմում անդառնալիության կետն է նշանավորում: Պալմիրայի անկման հետ միասին այն ցույց է տալիս, որ բանակն այլևս անկարող է լուրջ դիմադրություն ցույց տալ Սիրիայի կենտրոնում անգամ, և որ իսլամիստական հրոսակները լրջագույն և անդառնալի հաջողություններ են գրանցել:
Բոլոր ցուցիչներն առկա են ենթադրելու, որ հաջորդ հարձակման թիրախները ԻՊ-ի համար դառնալու են դեռևս մեկ տարի առաջ ազատագրված Հոմսը և Համան, որոնք կարևորությամբ Սիրիայի երրորդ և չորրորդ քաղաքներն են, և որոնց անկումը վերջնական ճանապարհ կբացի դեպի Դամասկոս: Իր հերթին Նվաճման բանակն անհերքելիորեն իրականացնելու է Հալեպի գրավման օպերացիան, որին մասնակցելու են նաև սահմանակից Թուրքիայից ներկրվող ծանր տեխնիկան և հրոսակախմբերը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բանակը ծանրագույն կորուստների գնով այդպես էլ չկարողացավ նախորդ ամիսների ընթացքում պաշարել Հալեպի թշնամական հատվածը, ապա երկրի նախկին տնտեսական մայրաքաղաքի անկումն այլևս անխուսափելի է դառնում: Իրերի առկա դրության պարագայում ակնհայտորեն կառավարությունը որոշում է ընդունել հանձնել այն տարածքները, որոնք այլևս անկարող է պահպանել, և կենտրոնանալ «Օգտակար Սիրիայի»՝ այն է՝ առափնյա և Լիբանանին սահմանամերձ գոտիների պաշտպանության վրա: Ամենայն հավանականությամբ, այդպիսի առաջարկով հանդես է եկել նախևառաջ Իրանը:
Սա նշանակում է, որ Հալեպում լայնամասշտաբ ջարդն այլև անխուսափելի է: Թուրքիան, որ շուրջ հարյուր տարի տենչում է իր սահմանամերձ գոտում հայկական երբեմնի զորեղ ներկայության լիակատար ոչնչացումը, որևէ ջանք չի խնայելու, որպեսզի դարձյալ պատերազմի բովում, դարձյալ այլոց ձեռքերով, դարձյալ առհավետ լուծի հայկական տարրի խնդիրը:
Պաշտոնական Երևանը, անհաղորդ այս ամենին, շարունակում է լռել, անմտաբար սպասել տրոհված և արնաքամ եղող հալեպահայ համայնքի համընդհանուր թախանձանքներին՝ ինչ-որ բան անելու համար և զարմանալիորեն հղում է անում ծվատված համայնքն այլևս չներկայացնող ինչ-որ «ազգային առաջնորդների» անհեռատես և լավատես հայտարարություններին: Ակնհայտորեն խեղդվողից փրկության ճիչեր լսելուց հետո միայն օգնողը կանխամտածված խեղդողից քիչ է տարբերվում: Մեկն ակտիվորեն սպանում է, մյուսը, լռելյայն հետևելով, օգնության կանչի սպասում:
Ապշեցուցիչ է նաև ամեն տարի տասնյակ հազարներով Ծիծեռնակաբերդ բարձրացող ժողովրդի լռությունը: Եթե ցանկանում եք Ծիծեռնակաբերդում մի հուշահամալիր էլ կառուցել և հեզորեն ծաղիկներ դնել հալեպահայերի հուշարձանին, շարունակեք լռել և ոչինչ չպահանջել: Այդ պահը հաստատ գալու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել