Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները մեծ աշխատանք ունեն կատարելու նախևառաջ օրենսդրական դաշտը միասնականացնելու կամ ներդաշնակեցնելու ուղղությամբ։ Պատահական չէ, որ կառավարության գրեթե բոլոր նիստերում առնվազն մեկ այդպիսի հարց է քննարկվում։ Ահա և նախորդ նիստում գործադիրը համաձայնություն տվեց «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Բացի այդ, նույն նիստում հաստատվեց ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2015 թ. ծրագիրը, որի նպատակն է ենթակառուցվածքի ոլորտային բարեփոխումը, կառույցների հզորացումը, համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, ԵԱՏՄ և ԵՄ օրենսդրության համադրությունների և հակադրությունների հաշվառմամբ ՀՀ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ ԵԱՏՄ-ին վերաբերող ևս մեկ լուր այսօր ստացվեց Մոսկվայից։ Այս շաբաթվա ընթացքում ԵԱՏՄ-ն և Վիետնամը կստորագրեն ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որին իր վերջին նիստում հավանություն է տվել Ռուսաստանի կառավարությունը։

Համաձայնագիրը նախատեսում է ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի միջև ապրանքի առևտրի սակագնային ազատականացման պայմանները՝ մեծ թվով ապրանքների մուտքի մաքսատուրքի նվազեցման կամ զրոյացման ճանապարհով։ Ընդ որում, կողմերը պահպանում են մի շարք առավել զգայուն ապրանքների սակագնային պաշտպանությունը։ ՌԴ կառավարությունում նշել են, որ համաձայնագրի իրականացումը կնպաստի մասնակից երկրների փոխադարձ առևտրաշրջանառության և առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի լուծել ԵԱՏՄ-ն Ասիական- Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ինտեգրման գործընթացին միացնելու խնդիրը։

Եվ, ինչպես ընդունված է նման դեպքերում, լուրն ավարտվում է տեղեկանքով. ԵԱՏՄ-ն միջազգային տնտեսական միավորում է, որի նպատակն է վարել համակարգված տնտեսական քաղաքականություն և ստեղծել ապրանքի, ծառայության, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման գոտի։ Միության ստեղծման պայմանագիրը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում և ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ին։ ԵԱՏՄ-ում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը։ Մայիսի 21-ին ԵԱՏՄ-ին է միացել Ղրղզստանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել