Կեսօր էր – շրջանցեցինք մի բազմահարկ շենքի անկյունը և դուրս եկանք շենքի կողքը. այստեղ տնտեսուհիները բուրդ են չորացնում, իսկ տաք օրերին նաև… չբխու~մ – ներողություն եմ խնդրում ձեր ականջներից` այս կենցաղային բառը օգտագործելու համար… Բայց այս անգամ տեսանք մի պատկեր, որն ինձ ցնցեց – այդպիսի դառը խորհրդանիշ հնարավոր չէ՜ հորինել...

Տեսանք երեք մանուկ – 5-7 տարեկան, նրանք բռնեցին վերմակի երեսի անկյուններից` վրան բրդի բուրգ էր, ահա ուրեմն` բռնեցին անկյուններից, ուսերին առան և հանդիսավոր երթով շարժվեցին դեպի տուն… Բուրդը սև էր ու տխուր, մանուկներն էլ ուրախ չէին…

Բուրդը հայոց մեջ հոգսի ու նեղության խորհրդանիշն է… Քանի՞ հազար տարի նույն վերմակն է մեր վրա – հոգսի, աղքատության, անապահովության վերմակը: Եվ մենք սահու՜ն, աննկա՜տ, հոգատարորե՜ն այդ վերմակը – նրա երեսով, բրդով, չբխելու փայտով, այժմ փոխանցում ենք մեր մանուկներին… Ես ասեմ վերմակ – դու, ընթերցողս, հասկացիր` ապրելու կերպ, մտածելու կերպ – փսորած հավատալիքներ, մամշած սովորույթներ, կասկածի սարդոստայններ, հոգու մթին գաղտնարաններ…

Մեր սրտի մեջ, մեր սրտերի սրտի մեջ մի խարույկ վառենք այն Բոցով, որ Ոգին է տալիս… Հավաքենք, սիրով հավաքենք, ոչ ատելությամբ մեր հազարամյա վերմակները, ապա հատ-հատ ուշադիր նայենք նրանց – տեսնենք-ճանաչենք-շոշափենք-հոտ քաշենք – ա՜խ, մեր հազարամյա վերմակներ… Մեկին նայելիս ժպտանք, մյուսի վրա խանդաղատանքի արցունք ոթենք, մի ուրիշին նայելիս ցավից ու ստորացումից ոռնա՜նք – այսպես բոլոր վերմակները հատ-հատ նայենք, եթե կուզեք՝ գիտականորեն ու ներզգայորեն նայենք – և ԲՈԼՈՐ, ԲՈԼՈՐ, ԲՈԼՈՐ վերմակները – սիրով և ոչ ատելությամբ – նետենք Ոգու խարույկի վրա… Որ վառվեն, որ կորչեն, որ հավետ հեռանան մեր կյանքից…

Եվ ՄԵՆՔ – ամեն մեկս` որպես մի միամիտ մանուկ, նայենք ինքներս մեզ – գեղեցիկ, անմեղ, իմաստուն մանուկներ լինենք… Եվ երբ գիշերը քնենք, աստղանկար երկինք պատկերող մետաքս առնենք` մեր լուսեղեն ու թեթև մարմիններին…

Բարի գիշեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել