Vox հրատարակչությունը ծաղրել է թանկարժեք գինիներ գնահատողներին «Թանկարժեք գինին հիմարների համար է» խորագրով հոդվածում:


Լրագրողուհի Ջոս Ֆոնգն իր 19 գործընկերների շրջանում գիտափորձ է անցկացրել: Նրանք, աչքերը փակ վիճակում, երեք միևնույն տեսակի, սակայն տարբեր գների գինի են փորձել: Ամենաթանկ գինին 43 դոլար արժեր, իսկ ամենաէժանագինը՝ 8 դոլար: Միևնույն ժամանակ նրանք բոլոր գինիներին միևնույն գնահատականն են տվել:

2008թ-ին անցկացված մասսայական հետազոտությունը հաստատեց Vox-ի կողմից անցկացված  փորձի արդունքը. 6000 մարդ, աչքերը փակ, գինիներ են փորձել, և պարզ է դարձել, որ թանկարժեք գինու համն ավելի քիչ է դուր եկել մարդկանց:

Vox-ը նաև պատմել է նախկինում անցկացված հետազոտությունների մասին, որոնք ցույց են տվել, որ նույնիսկ մասնագետները չեն կարող գինիները միմյանցից բավականաչափ տարբերել: Այսպես, հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ որոշ մասնագետների կողմից բարձր գնահատվող գինիների կեսը ցածր է գնահատվում մյուս մասնագետների կողմից:

Սա նշանակում է, որ հաճախ մասնագետները չեն համաձայնում միմյանց հետ: Սակայն ամեն ինչ շատ ավելի վատ է. նրանք նույնիսկ իրենք իրենց են հակասում, - նշում է Vox-ը:

Պարբերականի համաձայն՝ մարդիկ հակված են համադրել գինն ու համը: Ավստրալիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ գիտափորձի մասնակիցներին ավելի շատ դուր է եկել 53 դոլար արժողություն ունեցող գինին, քան 6 դոլարանոցը, այն դեպքում, երբ նրանք գիտեին դրանց արժեքը: Թանկ գինին ավելի բարձր գնահատականների էր արժանանում, չնայած հետազոտողները դրա մեջ թթու էին ավելացրել՝ համը փչացնելու նպատակով:

Մեկ այլ հետազոտության ընթացքում ուսանող սոմելյեներին սպիտակ գինի է տրվել փորձելու, որը նրանք նկարագրել են սպիտակ գինուն հատուկ որակներով: Այնուհետև նրանց կարմիր գույնով ներկված նույն գինին է տրվել: Միևնույն գինին սոմելյեներն այս անգամ կարմիր գինուն հատուկ որակներով են նկարագրել: 

Մի խոսքով, թանկ գինու համը հնարավոր է՝ դուր գա քեզ, սակայն այն դեպքում, երբ գիտես դրա գինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել