Արդեն երկու օր է՝  համացանցում ամենաքննարկվող թեման «Եվրատեսիլ 2015»  մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի պարտությունն է: Մեր երկիրը 36 միավորով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: 

Յուրաքանչյուրը նման վատ արդյունքի պատճառների մասին իր կարծիքն ունի: BlogNews.am-ը ֆեյսբուքահայերի շրջանում փոքրիկ քննարկում է կազմակերպել: Որո՞նք էին, ըստ նրանց, մեր երկրի պարտության գլխավոր պատճառները:

Թեհմինա Հարությունյան

Չհաղթելու առումով զարմանալ պետք չի. անհետաքրքիր, անհասկանալի երգ, համերգային կատարում, նաև հայերից բացի երևի մնացածի համար անհասկանալի մնաց՝ ինչը պետք չի «դինայ» անել և այլն: Հաղթելու համար, ինչպես ընկերներիցս մեկն է ասում, պետք է դադարենք մեր աշուղ-գուսանական գութանով եվրոպացիներին հնձելու սուրբ առաքելությունը, այդ բեմը դրա տեղը չէ: Բայց մտածում եմ` մինչև անհաջողություն ասելը լավ կլիներ կազմակերպիչներից հարցնենք, թե ինչ նպատակ են ունեցել. գուցե հաղթանակը չի եղել նպատակ, այլ զուսպ ներկայանալը, ցույց տալը, որ աշխարհի 5 մայրցամաքներում սփռված հայ ժողովրդի նոր սերունդը կամուրջներ է կառուցել, միասնական է, և այս տարվա նշանաբանը լրիվ համապատասխանում է մեզ: Վատն այն է, որ, դատելով միջազգային մամուլի արձագանքից, կարելի է ասել, որ միջին վիճակագրական ժամանցասեր եվրոպացի երիտասարդին մեր մեսիջը չի հասել:

Հ.Գ. Իմ սուբյեկտիվագույն կարծիքով՝ պետք չէր Ցեղասպանության թեմայի շոշափումն իջեցնել Եվրատեսիլի մակարդակի, հատկապես, երբ բարձր մակարդակով արդեն խոսվել ու դատապարտվել էր:

Վանուհի Մալաքյան

Ամեն ինչ ի սկզբանե եկել ա մեր հայաստանյան հանձնաժողովի անդամների սխալ կազմ ունենալուց: Այնպես չի, որ եսիմ ինչ ճակատագրական, շատ կարևոր մրցույթ ա, բայց գոնե էն մարդիկ, ովքեր իրենք իրենց հռչակել են որոշումներ կայացնողներ, պետք ա մի քիչ գոնե գլխով մտածեն: Եվրոպային, աշխարհին չի հուզել և չի հուզելու մեր պատմությունը, որը ժողովուրդների անցյալի, պատմության հետ բոլորովին կապ չունեցող երգի մրցույթում ներկայացնում ենք մեր ողբանվագ երգերով: Առաջին հերթին պետք չի անհաջողության մեղավորությունը գցել սփյուռքի վրա, թե բա՝ ափսոսել են քվեարկել, բլա բլա: Միլիոնավոր անիմաստ մեկնաբանություններ արվեցին էս թեմայով, հեշտ ա ներքին պատճառներին առերեսվելու փոխարեն միանգամից արտաքին պատճառներ ման գալ ու միանգամից մեղքը գցել սփյուռքի վրա: Էս պահին լինելով արտերկրում՝ վստահաբար ասում եմ, որ մերոնք միշտ էլ քվեարկել և քվեարկում են: Էստեղ խնդիրը լրիվ այլ ա: Եվրոպան թքած ունի քվեների վրա, ու ապացուցվեց ևս մեկ անգամ, որ թքած ունի մեր don՝t deny-ների, remember and demand-ների վրա: Լավն էր մեր երգը, բայց ոչ էս մրցույթի համար: Չպետք ա ուղարկվեր էս խումբը, որտեղ մենակ Արշակյանն իրեն արդարացրեց: Լիքը չպետք ա-ներ կան, որոնց վրա ԳոհարԳասպարյանները թքած ունեն, ու մենակ անում են էն, ինչ իրենք են որոշում: Իսկ առհասարակ պետք ա թեթև տանել: Ով ում հասցեին ինչ հասնի՝ ասում ա: Չի կարելի: Մի քիչ մարդ լինենք: Ֆրանսիական հեռուստաալիքի մեկնաբանները կատակում էին իրենց անհաջողության վրա ու ծիծաղում: Ոչ մի երկիր իր ներկայացուցչին չի հոշոտում նենց, ոնց մենք ենք անում: Երբ մարդիկ մարդ դառնան, վերանան էս համատարած ատելություններն ու դիսկրիմինացիաները, էն ժամանակ էլ աշխարհը մեզ վրա ուշադրություն կդարձնի:

Դիանա Մարտիրոսյան

Գուցե քաղաքական պատճառները միշտ էլ առաջնային են, բայց երգը լավը չէր... Իսկ սա երգի մրցույթ ա ամեն դեպքում, Կառլ!

 

 

 

 

 

 


 

Վահե Սաֆարյան

Եվրատեսիլում անհաջողության պատճառը վատ կամ ոչ հաջող երգն էր և մռայլ ու չտպավորվող կերպարներն ու բեմականացումը։ Ուրիշ պատճառներ պետք չի փնտրել, բան չկա, էս անգամ էլ չստացվեց: Պետք չի շատ կարևորություն տալ էս մրցույթին։ Անդրեն լիներ, նեղվեինք, հըլը հասկանալի ա, բայց հիմա պետք չի:

 


 

 


Ալվինա Բաբայան

Հենց սկզբից էլ պարզ էր, որ այդ երգը հաջողության փոխարեն անհաջողություն էր բերելու: Ամեն ինչ չի, որ 100-ամյակի հետ պիտի կապ ունենար ու դրական արդյունք տար: Երգի թեման շատ ծանր էր ու դժվար մարսվող...


 

 

 


 

 

Ալեն Ավագյան

Ինքս հետաքրքրվում եմ երաժշտական լրագրությամբ ու ամիսներ շարունակ հետևել եմ եվրատեսիլյան այս ողջ ընթացքին ու զարգացումներին: Ի սկզբանե մեր երգը ոչ միանշանակ ընդունվեց եվրոպական հանրության կողմից, շատերին դուր չէր գալիս մեր երգի կառուցվածքը, մեղեդին, մյուսներին դուր չէր գալիս ձայների բազմազանությունն ու դրանց առաջացրած աղմուկը, շատերը ողջունում էին մեր խմբին ու այն գաղափարն ու մեսիջը, որոնք կրում էին մեր մասնակիցներն իրենց մեջ, շատերը քննադատում էին՝ նշելով, որ պետք չէ քաղաքական թեմաները շահարկել երաժշտական մրցույթում: Մի խոսքով՝ ոչ միանշանակ վերաբերմունք էր ձևավորվել մեր մասնակիցների նկատմամբ, OGAE քվեարկությունում (Եվրատեսիլի պաշտոնական ֆան ակումբ) մենք ստացանք զրո միավոր, բուքմեյքերների կանխատեսումներում մենք որպես աութսայդեր էինք նշվում, նման պարագայում ինչ-որ լուրջ հաջողություններ ակնկալելն այդքան էլ խելքին մոտ չէր: Երեկ ամփոփվեցին բոլոր արդյունքները՝ ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկությունն առանձին-առանձին, ու պարզ դարձավ, որ հեռուստադիտողի քվեարկությամբ մենք տասնմեկերորդն ենք, իսկ ժյուրիի՝ քսաներկուերորդը: Մոտ տասնհինգից քսան երկրի ժյուրի մեզ «տվել» էր իրենց վերջին տեղը, իսկ մի քանի երկրում էլ հեռուստադիտողի քվեարկությամբ էինք վերջինը (Սերբիա, Սլովեբիա, Դանիա, Նորվեգիա և այլն): Սա բացատրվում է թերևս նրանով, որ մերոնք այդքան էլ լավ չերգեցին գլխավոր փորձի ժամանակ, որը նախատեսված էր ժյուրիի համար: Օրինակ՝ Escrus-ի բլոգեր-լրագրողները մամուլի կենտրոնից հայտնում էին, որ մեր մասնակիցները հուզված ու այլայլված էին, ֆալշեր էին անում և այլն: Մի խոսքով՝ կարծում եմ՝ պատճառը եվրոպական հանրության ճաշակին չհամապատասխանող երգ ներկայացնելը, իրենց չհետաքրքրող մեսիջով հանդես գալն ու տեխնիկական ու երաժշտական-կառուցվածքային ինչ-ինչ չափանիշներին չհամապատասխանելն էր, որը չգոհացրեց ժյուրիի անդամներին: Սրանք իմ սուբյեկտիվ գնահատականները չեն, այլ օբյեկտիվ պատկեր էր, որևէ կարծիք մեր մասնակիցների, իրենց երգի ու ելույթի մասին կարծիք չեմ ուզում հայտնել՝ ոչ դրական, ոչ էլ բացասական...

Արամ Գևորգյան

Անհաջողություն ասելը հարաբերական ա։ Մենք լավ պատրաստված էինք, համենային դեպս երգն ու վոկալիստները լավն էին, ուղղակի հերթական անգամ մենք փորձեցինք մեր դարդն ու ցավը փաթաթել օտարի վզին, մեր խնդիրը բարձրաձայնել նման ամբիոններում։ Դա դրա տեղը չէր, դա չէր ընդունվի ու չընդունվեց։ Դե ժյուրիների ձայներն էլ չհաշված, ովքեր միանանակ չէին թողնի, որ քաղաքական ենթատեքստ ունեցող երգն ինչ–որ հաջողության հասներ։ Չնայած Եվրատեսիլի 3 հիմնադիր երկիր ու անցած տարվա հաղթողը վերջին 4 տեղը զբաղեցրեցին։ Այնպես որ, մեզանից անհաջողակներն էլ կային։ )))


Լենա Մինասյան

Անկեղծ ասեմ՝ Եվրատեսիլին այս տարի բացարձակ չեմ հետևել, անգամ տեսահոլովակը մինչև վերջ չեմ դիտել: Վաղուց արդեն հետաքրքիր չէ, կարծում եմ՝ ժամանակն է այս կեղծ, ոչինչ չասող մրցույթի կարևորությունն իջեցնելու մերոնց շրջանում:

 

 

 


 

 

Իզաբելլա Աբգարյան

Երգը: Միջին վիճակագրսկան եվրոպացու համար այն ոչինչ չասող էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել