Ռիգայում ավարտվեց Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը: Այն աննախադեպ էր ղեկավարների մասնակցության ներկայացուցչությամբ և համագործակցելու ցանկության դրսևորման որոշակի ակտիվությամբ: Գագաթնաժողովին մասնակցեցին Անգելինա Մերկելը, Դեվիդ Քեմերոնը, Ֆրանսուա Օլանդը, եվրոպական գրեթե բոլոր հեղինակավոր կառույցների ղեկավարները: 
ՀՀ նախագահի՝ ԵՏՄ-ին միանալու մասին հայտարարությունից հետո ես կանխատեսեցի, որ անպայման Արևմուտքը վաղ թե ուշ պետք է զիջի իր կոշտ ու անզիջում քաղաքականությունը, այլապես կվանի մյուս երկրներին, կտապալի ողջ Արևելյան գործընկերության գաղափարն ու զարգացման հեռանկարները:
Իսկ Ռիգան ապացուցեց, որ նախնադարում չենք ապրում, և ցանկացած քաղաքական ծրագրի իրականացման համար պետք է ցուցաբերել դիվանագիտական հմտություն և ճկուն քայլեր, կայացնել խելացի, իրատեսական, ստեղծված իրավիճակը հաշվի առնող և գնահատող որոշումներ:
Կարևորը, որ ընդհատված գործընթացը կարծես վերսկսվում է, մնում է՝ Արևմուտքը հաշվի առնի նաև յուրաքանչյուր պետության աշխարհաքաղաքական դիրքը, դերը, պատմականորեն ստեղծված առանձնահատկությունները, տարածաշրջանային կոնֆլիկտները, պաշտպանական խնդիրներն ու նույնիսկ ներքաղաքական զարգացումներն ու իրավիճակը:
Ինչևէ, գործընթացներին նոր ազդակ հաղորդվեց, ու կարծես Հայաստանը ստեղծված այս իրավիճակում դառնում է կամուրջ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Ուրախալի է նաև, որ Ռիգայում կարծես նշմարվեց նաև Ռուսաստան-ԵՄ սառցակալած հարաբերությունների «գարնանային ձնհալի» նախանշաններ…
Երկու տարի էր պետք, լարված քաղաքական-տնտեսական հարաբերություններ, կորուստներ, զրկանքներ, նույնիսկ բազմահազար զոհեր, որպեսզի եվրոչինովնիկները հասկանային, որ բազմավեկտոր փոխգործողությունները միայն հարստացնում են քաղաքական և հատկապես տնտեսական հարաբերությունները:
Նույնիսկ ընդունվող Հռչակագրի «Ղրիմի ապօրինի բռնակցում» եզրույթի հետ կապված անհամաձայնության ընթացքում հասկացան ու դիվանագիտորեն հարթեցին և գտան խելացի, իրատեսական, ճկուն փոխզիջման, փոխըմբռնման տարբերակ:
Մասնավորապես՝ համաձայն եմ որոշ լրատվամիջոցների կարծիքի հետ, որ արտաքին քաղաքականության բնագավառը, միջազգային հարաբերությունները շատ բարդ ասպարեզ են, դրանք Հայաստանի ներքաղաքական կյանք չեն, որ ով ուզի, ինչ ուզի ասի, ինչ ուզի գրի: Բայց մարդիկ նաև իրավունք ունեն իրենց կենսափորձով, կարծիքներով, դատողություններով կիսվել և մեկնաբանել:
Ես քաղաքագետ, միջազգայնագետ, արտաքին քաղաքականության մասնագետ չեմ, գլուխգովան չեմ, ինքնահաստատման խնդիր չունեմ, բայց վերջին մի երկու տարիների իմ գրեթե բոլոր կանխատեսումները և դիտարկումները կարծես իրականացան: Նրանք, որոնք հետևում են իմ գրառումներին և ուշադիր կարդում, հաստատ կհիշեն… Կասկածողներն ու թերահավատները կարող են ԲլոգՆյուզի արխիվում ծանոթանալ և փարատել կասկածները…
Ինչևէ, կարևորը սառույցը կարծես հալչում է… Ռիգայի գործընթացները դրա վառ ապացույցն են…
Կապրենք, կտեսնենք…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել