Անեղ բնութիւն, մեղայ քեզ մտօք իմովք, հոգւով եւ մարմնով իմովմի՛  յիշեր զմեղս իմ զառաջինս վասն անուանդ քում սրբոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
 
Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Խոստովանության ձևի մասին այս գրեթե հպանցիկ ակնարկից հետո  վերադառնանք մեղքերի ցուցակին և մեկ առ մեկ կարճ բացատրություններ տանք դրանց: Մտքով գործված չար խորհուրդները, ըստ «Զղջում»-ի մեջ տրված ցանկի, գլխավորվում են՝

Նենգութեամբ - նշանակում է ծածկաբար չարիք խորհել մեկ ուրիշի մասին: Նենգությունն ինքնին տկարություն է ենթադրում, որովհետև նենգամիտն իր խորհած չարիքը բացեիբաց չի կարող անել, ուստի դիմում է գաղտնի և ծածուկ միջոցների և ձևերի:

Մտքով գործված մեղքերի ցանկը շարունակվում է՝

Ատելութեամբ - ծանոթ ավերիչ մտքի ժխտական մի վիճակ, խաթարված կամ ավերված սերն է դա: Կերակուրն ինքին օգտակար և կյանք տվող նյութ է, բայց երբ փչանում է, դառնում է վնասակար և հաճախ՝ մահացու: Ատելությունը թունավորված սերն է, որն իր հերթին թունավորում է այլոց:

Խեթիւ, մախանօք, յաչաղանօք. իրար հոմանիշ և գրեթե նույնիմաստ մտքի մեղքեր են սրանք: Խեթը չարությամբ լցված մտքի աչքերի կամ դեպքի արտահայտությունն է. խոժոռ դեմքն ու ծուռ նայվածքն է: Իսկ մախանքը միևնույն չար մտքի արտահայտությունն է այս անգամ մարդու շնչի և շեշտադրման մեջ: Մտքի այն անհանգիստ վիճակն է, որով չարության և վրեժխնդրության զոհ դարձած անձը շարունակ մխում է, և կարծես իր ատելության առարկա անձին ուզում է խեղդել իր մեջ կուտակված չարության ծխով: Յաչաղանքը չար նախանձն է, որ դարձյալ աչքերում է հայտնվում. չար աչքն է, որին նախապաշարմունքներ ունեցող մարդիկ հավատում են, թե այն վնասում է նրանց, որոնց վրա ընկնում է չարություն հասցնելու մտքով և կրքով:


Թուլութեամբ. մտքի այն թույլ վիճակն է, ուր ամեն տեսակ ցանկասեր խորհուրդները և ցանկության մտածումներն անարգել արշավում են բոլոր ուղղություններով՝ այնտեղ, որտեղ չկա բարություն, չկա վճռականություն մտքի դռները մակաբույծ, լպիրշ երևակայությունների դեմ ամուր փակելու համար: Մտքի այս վիճակն էլ բարոյական տկարության արդյունք և ախտանիշ է:

Պոռնկական խորհրդով. մեղքի մի վիճակ, որով մարդը անբարոյական երևակայություններին է անձնատուր լինում: Բառի թե՛ հասրակական, թե՛ բարոյական  և թե՛ կրոնական իմաստով պոռնիկ է նա, ով իր սերը վատնում է իր օրինավոր և հարազատ սիրո առարկայից տարբեր մեկի վրա:

Պոռնիկ են, հասարակական տեսանկյունից, այն տղամարդիկ կամ կանայք, ովքեր անհավատարիմ են իրենց ամուսնական կյանքում: Պոռնիկ է, բարոյական իմաստով, այն կազմակերպությունը կամ հավաքականությունը, որն իր գոյության պատճառ եղող նպատակից տարբեր նպատակի է ծառայում: Պոռնիկ է այն հավատացյալը կամ կրոնական միությունը, որը, թողնելով ճշմարիտ Աստծուն, սուտ աստվածներ կամ կուռքեր է պաշտում: Ապա ցանկում ավելի են մասնավորվում պոռնկական խորհուրդները՝ իբրև «արուական, իգական, անասնական, գրաստական, գազանական». մեղանչական լպիրշ մտածումներ, որոնք մարդ էակի ընկած լինելու բարոյական ախտանշաններ են, որոնք մարդուն այլևս իր բանական էակի բարձրությունից իջեցնում են անբան կենդանիների շարքին, և որոնք արդարացնում են Սաղմոսի խոսքը. «Մարդը պատիվ ուներ՝ և չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց»: Այս տեսակ մեղքերի պարզաբանումը կամ հիշատակումն անգամ պղտորում է թե՛ ասողի, թե՛ լսողի միտքը: Բավական է միայն կարդալ Պողոս Առաքյալի Հռոմեացիներին ուղղված Նամակի Ա գլխի վերջին պարբերությունները՝ մարդկային այս թշվառության մասին պատկերացում կազմելու համար և համոզվելու, որ «այսպիսի բաներ գործողները մահվան են արժանի»«և Աստուծո Արքայությունը չեն ժառանգի»:
Ի գիշերի եւ ի տուընջեան. պիղծ խորհուրդները, իրենց անտեսանելիությամբ պայմանավորված, որևէ հատուկ ժամանակի կարիք չունեն. կարող են գործվել ամեն ժամանակ և ամեն տեղ, գիշերվա խաղաղության մեջ կամ ցերեկվա լույսին և ամբոխի մեջ: 
Երազական գիջութեամբ եւ անրջական գարշ աղտեղութեամբ. մտովի գործված սեռական մեղքերը մարդուն ամենից շատ ապականող և նրան իր աստվածային պատվից, դիրքից և կոչումից իջեցնող մեղքերը լինելու պատճառով ավելի մանրամասն են գրվել «Զղջում»-ի մեջ: Դրանք ոչ միայն ապականում են մարդու միտքը և եղծում են Աստծո պատկերը մարդու մեջ, այլև նրան անընդունակ են դարձնում բարձրագույն իդեալների, առաջադիմության և բարձր քաղաքակրթության համար: Մարդկության հասարակության համար սրանք ամենավտանգավոր մեղքերն են, ազգերի, պետությունների և կայսրությունների անկման մեջ առանցքային նշանակություն ունի թուլության և ցանկության մեղքերին անձնատուր լինելը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել