Դեռ մեկ օր էլ չի անցել Եվրատեսիլ 2015-ի ավարտից, իսկ խոշոր սկանդալ՝ կապված դրա արդյունքների հետ, կարծես թե հասունացել է։ Հրապարակվել են մրցույթի հանդիսատեսի և ժյուրիի քվեարկության արդյունքները, որոնցից պարզ է դառնում, որ Շվեդիան հաղթել է բացառապես շնորհիվ ժյուրիի, իսկ ժողովրդական քվեարկության արդյունքներով մեծ առավելությամբ հաղթել է Իտալիան՝ հավաքելով 366 միավոր։ Երկրորդ տեղում հեռուստաքվեարկության արդյունքներով Ռուսաստանն է եղել՝ 286 միավորով, և նոր միայն Շվեդիան է՝ 279 միավորով։

Իտալիայի ներկայացուցիչներն իրենց ինստագրամյան էջում հրապարակել են համապատասխան պարզաբանում և միավորների իրական հաշվարկը, որից պարզ է դառնում, որ այս տարի ևս տեղ են գտել ժյուրիի մանիպուլյացիոն գործողություններ, և գրանցված արդյունքն էապես տարբերվել է իրականությունից։ 

Հիշեցնենք, որ այժմ Եվրատեսիլի եզրաափակչում բալերը որոշվում են ժողովրդական քվեարկության ու պրոֆեսիոնալ ժյուրիի քվերակության միջինացված ցուցանիշով, և արդեն որերորդ անգամ ստեղծվում է իրավիճակ, երբ ժյուրին կարծես արհեստականորեն փոխում է արդյունքը հօգուտ այս կամ այն երկրի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել