Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին։ Եւ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եւ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եւ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Եւ կային Երուսաղեմում բնակվող հրեաներ, երկյուղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։ Եւ երբ այս ձայնը լսվեց, բազմությունը հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում էին իրենցից յուրաքանչյուրի լեզվով։ Ամենքը հիանում էին և զարմանում. ու միմյանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են. բայց ինչպե՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր յուրաքանչյուրի բարբառով, որ ծնված օրից խոսում ենք։ Մենք՝ պարթևներ, մարեր և իլամացիներ, և նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում և Գամիրքում, Պոնտոսում և Ասիայում, Փռյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբեայի շրջաններում, և Հռոմից եկածներ՝ թե՛ հրեաներ և թե՛ հրեության դարձածներ, կրետացիներ ու արաբներ, - լսում ենք, որ նրանք խոսում են մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին»։ Բոլորը զարմանում էին և միմյանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»։ Իսկ ուրիշներ, ծաղրելով, ասում էին. «Նոր գինուց հարբած են»։ Պետրոսը, Տասնմեկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը և ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և դուք ամենքդ, որ Երուսաղեմում եք բնակվում, այս ձեզ հայտնի թող լինի, և իմ խոսքերին ակա՛նջ դրեք. սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ դեռ առավոտյան ժամը ինն է. այլ՝ այս ա՛յն է, որ ասվեց Հովել մարգարեի բերանով. «Եւ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին, - ասում է Աստված, -որ Իմ Հոգուց պիտի թափեմ ամեն մարդու վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան. ձեր երիտասարդները տեսիլներ ու ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ Եւ Իմ ծառաների ու իմ աղախինների վրա այն օրերին Իմ Հոգուց պիտի թափեմ, և նրանք պիտի մարգարեանան։ Եւ վերը՝ երկնքում, զարմանալի գործեր պիտի ցույց տամ, իսկ ներքևում՝ երկրի վրա՝ նշաններ. արյուն և հուր և ծխի մրրիկ. արեգակը խավար պիտի դառնա, և լուսինը՝ կարմիր, ինչպես արյուն, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։ Եւ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Առաքյալների Գործերը 2:1-21)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել