Այս վերջին զանգն էլ անցավ, գնաց պատմության գիրկը։ Ու այն այնքան նման էր, ավելի ճիշտ՝ կրկնում էր, բայց առավել ճիշտ՝ պատճենում էր անցած տարվա, նախանցած տարվա, մի խոսքով՝ քառասունվեց տարի առաջվա իմ վերջին զանգին: Նույն հրաժեշտի միջոցառումը դպրոցական բեմում, նույն խոսքերը, նույն երգերը, միայն այն տարբերությամբ, որ Թաթայի երգն իմ ժամանակ չկար։ Հա, մի տարբերություն էլ կար, հավաքվող գումարի ահռելի տարբերությունն էր։ Նստել էի դահլիճում, լսում էի հրաժեշտի՝ անգիր արած խոսքերն ու մտածում՝ լավ, ինչպե՞ս կարելի է, որ այս քառասունվեց տարիների ընթացքում ամեն ինչ այսքան նույնը մնացած լինի, բացի տարին տարվա վրա ավելացող հավաքվող գումարից, մի՞թե հնարավոր չէ հրաժեշտի սցենարում մի բան փոխել, այն ավելի տարբեր, ավելի յուրօրինակ, հետաքրքիր դարձնել։ Այս ուսուցիչները, դասղեկներն ինչպե՞ս չեն ձանձրանում ամեն տարի նույնը կրկնել տալուց՝ անմակարդակ, անճաշակ ձևավորումով։ Մինչ ես այս մտորումների հետ էի, իմ առջևի շարքում նստած ուսուցիչները փսփսուքով քննարկում էին դպրոցին հրաժեշտ տվող աշակերների իրենց դասղեկին ու մյուս ուսուցիչներին գնած նվերները։ Զգացվեց, որ որոշ ուսուցիչներ դժգոհ են իրենց բաժին հասած նվերներից, այն դեպքում, երբ «իրենք իրենց կյանքի լավագույն տարիներն ու ներվերն են դրել» այս աշակերտների համար։ Հենց այդ ժամանակ էլ հասկացա գաղտնիքը, թե ինչու ուսուցիչները չեն ձանձրանում այս տարիներ ի վեր կրկնվող, հնամաշ, իր դարն ապրած սցենարից։ Նրանք այն երբեք չեն լսել, քանի որ հավանաբար տարիներ շարունակ այս օրը՝ այս պահին զբաղված են նվերների քննարկմամբ։ Թող ինձ ներեն այն ուսուցիչները, որոնք չեն մասնակցում այս քննարկումներին, որոնք հավատարիմ են իրենց Ուսուցիչ կոչմանը։ Նրանք քիչ են, բայց կան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել