Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ հետևելով Հայաստանի օրինակին՝ Արցախն առաջիկայում սահմանադրական փոփոխություններ իրականացնի, ասաց, թե կարելի է ասել, որ Արցախում սահմանադրական բարեփոխումների մի փուլն արդեն ավարտվել է:
«Մենք արդեն ունենք պրոֆեսիոնալ հիմունքներով գործող խորհրդարան, փոխվել է նաև համամասնական և մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների թիվը: Համամասնականով մոտ երկու անգամ ավելի պատգամավորներ են ընտրվում, քան՝ մեծամասնականով»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ սա արդեն իսկ սահմանադրական բարեփոխում է, որովհետև պետական կարևորագույն օրգաններից մեկը վերափոխվել է:
Ինչ վերաբերում է այլ տիպի փոփոխություններին, քաղաքական դաշտում դեռևս որևէ կուսակցությունից կամ պետական մարմնից հայտ չկա:
«Հետևաբար, վաղաժամ է խոսել որևէ սահմանադրական փոփոխությունների մասին»,- ասաց Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանի համոզմամբ՝ Արցախը չի կարող լինել Հայաստանի նման՝ որոշումներ կայացնելու հարցում, քանի որ ընդամենը 15 կիլոմետր է հեռու գտնվում թշնամու սահմանից:
«Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք: Սահմանադրական փոփոխությունների դեպքում պետք է անցնել խորհրդարանական կառավարման համակարգին, իսկ ես դրան կողմ չեմ, քանի որ մեզ պետք է կայուն պետություն»,- ասաց Հրանտ Մելքումյանը:
Վերջինիս խոսքով՝ Արցախում պետք է լինի կենտրոնացված իշխանություն:
Ինչ վերաբերում է գործող Սահմանադրությանը, Հրանտ Մելքումյանն ասաց, թե չէր ասի, որ այն լավ սահմանադրություն է, կարիք կա փոփոխության, բայց ոչ հիմա:
«Երբ Ղարաբաղի հարցը լուծվի, այն ժամանակ կարիք կլինի նոր սահմանադրության, այնպիսի սահմանադրության, որը կլինի հավիտյան և ընդունելի կլինի հանրության բոլոր շերտերի համար»,- ասաց Արցախի կոմկուսի ներկայացուցիչը: