Tert.am-ը գրում է.

«Եվրատեսիլի» մրցույթից դեռևս ամիսներ առաջ Հայաստանը ներկայացնող «Մի ժխտիր» երգը հասցրել է տարաձայնությունների մեջտեղում հայտնվել, գրում է Foreign Policy կայքը՝ ներկայացնելով, թե ինչպես է Հարավային Կովկասի բարդ քաղաքականությունը հայտնվում գլամուրային «Եվրատեսիլի» մրցույթում:

Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանի թիմը պնդում էր, որ իրենք մտադրություն չունեն քաղաքականություն մտցնել մրցույթում, և որ երգը ընտանիքի, հարաբերությունների և սիրո մասին է: Բայց հաշվի առնելով այն, որ այս երգը ներկայացվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում, կազմակերպիչները թերահավատորեն են վերաբերել դրան: Կայքը նշում է, որ դրան նպաստում էին երգի խոսքերը, ինչպես նաև տեսահոլովակը: Մրցույթից հեռանալու վտանգի պոտենցիալը հաշվի առնելով՝ Հայաստանի թիմը համաձայնել է ի վերջո փոխել երգի վերնագիրը՝ դարձնելով այն «Առերեսվիր ստվերի հետ»: Կայքը հավելում է, որ Թուրքիան, որը կարող էր աղմուկ բարձրացնել, չի մասնակցում «Եվրատեսիլին» 2013 թվականից հետո:

Հեղինակը գրում է, որ Հարավային Կովկասի երկրները ուշ են միացել վեց տասնամյակ արդեն անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին: «Եվրատեսիլի» բեմի վրա իրենց ունեցած կարճ ժամանակահատվածում այս երկրները իրենց ցանկությունն են ցույց տվել անկանխատեսելիության տարր ներդնել ապաքաղաքական համարվող մրցույթում, որն իր առջև եվրոպական երկրները երգի միջոցով միավորելու նպատակ է դրել:

Այս երկրների համար «Եվրատեսիլին» մասնակցությունն իր առանձնահատուկ կարևորությունն ունի, քանի որ այն հազվադեպ հնարավորություն է տալիս Արևմուտքի առջև ներկայանալու համար: Կայքը հիշեցնում է, որ երբ Ադրբեջանը հաղթեց մրցույթը հյուրընկալելու իրավունքը 2011 թվականին, երկիրը որոշ հաշվարկներով օգտագործել է մոտ 721 միլիոն դոլար «Եվրատեսիլի» հետ կապված ծախսերի համար՝ ներառյալ հատուկ մրցույթի համար կառուցված 277 միլիոն դոլար արժեցած համերգասրահը:

Հեղինակը նշում է, որ տարածաշրջանը հարուստ է քաղաքական լարվածություններով և ազգամիջյան թշնամանքով ու սառած հակամարտություններով, և Կովկասի երկրները «Եվրատեսիլում» իրենց հատկացված ժամանակն օգտագործում են թերևս ավելի շատ ոչ թե հաղթանակի, այլ իրենց ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար:

Foreign Policy-ն հիշեցնում է 2009 թվականին կիսաեզրափակիչում Հայաստանի ելույթից առաջ հեռարձակվող տեսանյութում հայտնված «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի պատկերը, որն այնուհետև եզրափակիչի համար հանվել էր, ինչից հետո, սակայն, Սիրուշոն՝ ներկայացնելով Հայաստանից ստացված քվեարկության արդյունքները, հուշարձանի նկարով թղթապանակ էր պահել: Նույն տարում, կայքը հիշեցնում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանել էր Ադրբեջանի ազգային հեռարձակող Ictimai Television-ին Հայաստանին ուղղված ձայները թաքցնելու համար, իսկ ադրբեջանցիները, ովքեր քվեարկել էին Հայաստանի համար, հաղորդել էին ազգային անվտանգության նախարարության կողմից հարցաքննվելու մասին:

2012 թվականին Հայաստանը հրաժարվել էր մասնակցել Ադրբեջանում անցկացվող «Եվրատեսիլ» մրցույթին, իսկ Վրաստանը 2009 թվականին հանդես եկել «We Don’t Wanna Put In» երգով, որն ակնարկում էր 20008 թվականի ռուս-վրացական պատերազմը:

Foreing Policy-ն գրում է նաև, որ քաղաքական ուղերձը Հայաստանի մասնակցությունում միայն երգի վերնագրով չի սահմանափակվել և ներկայացնում է Genealogy-ի գաղափարը և օգտագործված խորհրդանիշների պատմությունը:

Կայքը նշում է, որ մայիսի 23-ին նախատեսված եզրափակիչ փուլ են անցել և Հայաստանը, և Ադրբեջանը, ինչով պայմաններ են ստեղծվել բեմի վրա պոտենցիալ բախման համար: Թերթը խորհուրդ է տալիս նրանց, ում հետաքրքիր է շոուի ընթացքում ազգային թշնամանքի ակնարկներ ու դրվագներ նկատել՝ ուշադիր լինել ցանկացած կասկածելի թղթապանակների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել