Tert.am-ը գրում է.

Հայաստանի անկախության 24-րդ տարում շրջանառության մեջ է դրվել  «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին»  օրենք, և այսքան տարի այս ոլորտը կարգավորվել է առանց մայր օրենքի: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:

Հիշեցնենք, որ « Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը հայտարարել էր, որ Վերնիսաժում  ազատ վաճառվում են թանգարանների համար հնագիտական արժեք ներկայացնող տարբեր կերամիկական ու բրոնզե իրեր` հենց օրենք չունենալու պատճառով:

Նախագծին կցված փաթեթում ևս նշվում է, որ թեև  վերջին տարիներին նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ ընդունվել են մի շարք ՀՀ օրենքներ («Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Արխիվային գործի մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին», «Գրադարանների և գրադարանային գործի մասին»), չկարգավորված է մնում թանգարանների ոլորտը:

Օրենքի նախագծի  մշակման  նպատակով նախարարության կողմից ուսումնասիրվել է թանգարանային գործի զարգացվածության մակարդակով աչքի ընկնող երկրների փորձը`  Կանադա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Ճապոնիա: Իսկ  օրենքի նախագծում կիրառվել է նաև Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Թանգարանային միջազգային խորհրդի կողմից ընդունված Թանգարանների աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը, ինչը  եվրոպական պետությունների` Գերմանիայի Դաշնության,  Լյուքսեմբուրգի, Իտալիայի  թանգարանների ղեկավարման համար ճանաչվել է իրավական փաստաթուղթ:

Օրենքի նախագծում   նշվում է, որ թանգարանի շենքերը և  զբաղեցրած տարածքները հասարակության կամ պետության կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով սահմանված կարգով:

Իսկ հավատարմագրված թանգարանի թանգարանային առարկաները և  հավաքածուները վերցվում են մշտական պահպանության թանգարանի ֆոնդում:

Մեկ այլ կետով ամրագրված է.«Թանգարանի ղեկավարը պարտավոր է ապահովել թանգարանային առարկաների և հավաքածուների անվտանգությունը»:

Նախատեսված է  նաև Հայաստանում արտակարգ իրավիճակում ՀՀ թանգարանային ֆոնդում և ՀՀ ազգային թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաների և  հավաքածուների տարհանման և դրանց պաշտպանության կարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել