Կոնյակագործությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որի զարգացումն ուղղակիորեն խթանում է խաղողագործության զարգացումը: Բացի այդ, կոնյակը վաղուց դարձել է նաև հայկական բրենդ, և այս բնագավառում Հայաստանը կարողանում է համառորեն մրցակցել Ֆրանսիայի հետ: Հայկական կոնյակի հիմնական շուկան Ռուսաստանն է, և ռուսական շուկայում արևմուտքի սանկցիաների հետևանքով առաջացած պրոբլեմներից տուժում են նաև հայկական կոնյակ արտադրող ընկերությունները: Այս պարագայում շատ կարևոր է, որ մեր կառավարությունն իսկապես կանգնի մեր գործարարների կողքին ոչ թե միայն խոսքերով, այլև ռեալ քայլերով. հայրենի կոնյակ արտադրողներն ունեն մեծ վարկային պարտավորություններ, և Ռուսաստանում ստեղծված իրավիճակի պատճառով շատերն այլևս չեն կարողանում սպասարկել իրենց վարկերը: Կառավարությունը պետք է միջնորդ դառնա գործարարի և բանկային համակարգի միջև` թույլ չտալով բանկերին կործանել մեր տնտեսության սյուներից մեկը՝ կոնյակագործությունը: Մյուս կողմից պետք է աջակցել կոնյակ արտահանող ընկերություններին, որպեսզի նրանք առավել շահեկան դիրքեր ունենան ռուսական շուկայում: Սրանք անհնարին քայլեր չեն, և ցանկության դեպքում հնարավոր է այս քայլերն իրականացնել: Երբ խոսում ենք արտահանումը խթանելու մասին, պետք է հիշենք, որ կոնյակի արտահանումն ամենաշատ արտահանվող և ամենախոշոր գումարային մուտքեր ապահովող բնագավառն է, որն ուղղակիորեն նաև մեծ թվով գյուղացիների հացն ու ջուրն է, ինչն էլ պետք է լինի կառավարության և անձամբ վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Եթե մենք թույլ տանք այս ոլորտում սխալներ, ապա տարիներ են պետք գալու այն նորից վերականգնելու համար: 
Ի վերջո, կոնյակը վաղուց հայկական բրենդ է նաև...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել