Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 24-26-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ին։

Երկուշաբթի Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ կունենան։

«Առաջիկա այցը դիտարկում ենք ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացման շարունակության համատեքստում... Մայիսի 25-ին բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի քան երկու տասնամյակ շարունակում է կարևոր դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում։

«Հաշվի առնելով աշխարհագրական մոտ դիրքը և մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունը՝ հակամարտության լուծումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի և ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- նշել են նախարարությունում։

Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են նաև, որ «Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում և Կասպյան շրջանում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել