«Եվրատեսիլը քաղաքական մրցույթ է». ահա թե ինչ ենք մենք լսում ամեն քայլափոխի։ Հավաստիանալու համար, թե արդյոք այս պնդումը համապատասխանում է իրականությանը, պարզապես պետք է ուսումնասիրել Եվրատեսիլի վերջին 20 տարիների քվեարկության առանձնահատկությունների քարտեզը (քարտեզում, իհարկե, ընդգրկված չէ Եվրատեսիլի այս տարվա հայտնություն Ավստրալիան)։


Եվրատեսիլի մասնակից երկրները քվեարկում են իրենց նախընտրած 10 երգերի օգտին՝ առաջին երգին տալով 12 միավոր, երկրորդին՝ 10, ապա՝ 8, 7, 6 և այդպես շարունակ։  

Այս հոդվածում ամփոփված են 1994-2014 թթ. քվեարկությունների արդյունքները։ Այս ամփոփումը հնարավորություն կտա հասկանալ, թե ովքեր են մեր իրական ըկերները։ Պետք է պարզապես քարտեզի վրա ընտրել Ձեզ հետաքրքրող երկիրը և տեսնել, թե որ երկրներին է այն ամենից շատ սատարել Եվրատեսիլի քվեարկությունների ընթացքում։ Որքան ավելի մուգ կարմիրով է նշված երկիրը, այնքան ավելի շատ են տվյալ երկրի օգտին տրված ձայները։ 

 

«YouGov»-ի 2013 թ.-ի հարցումը ցույց տվեց, որ բրիտանացիները վստահ են, որ այս ամենը քաղաքականություն է։ Թերի Վոգանը 2008 թ.-ին հրաժարվեց հաղորդավարի դերում հանդես գալ՝ պատճառաբանելով հենց այն, որ Եվրատեսիլն այլևս երաժշտական մրցույթ չէ։

Բոնի Թայլերը քվեարկությունը բնորոշեց «աննկարագրելի» բառով այն բանից հետո, երբ 2013 թ.-ին 26 ֆինալիստներից 19-րդը ճանաչվեց, իսկ 2011 թ.-ի Եվրատեսիլի բրիտանացի մասնակից Սայմոն Վեբբեն ասաց, որ բանը երգը չէ, այլ այն, թե ովքեր են հարևաններդ։ Նայելով այս քարտեզին՝ տեսնում ես, որ հավանաբար այս մարդիկ այդպես կարծելու հիմքեր ունեն։

Ինչպե՞ս են քվեները բաշխվում

Եվրատեսիլ երգի մրցույթը ստեղծվեց 1956 թ.-ին՝ միավորելու համար եվրոպական երկրները Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքից հետո, սակայն քվեարկության առանձնահատկությունները ցույց են տալիս, որ այն Եվրոպայի որոշ մասերն ավելի լավ է միավորել, քան մյուսները։ Արդեն սովորական է դարձել, որ որոշ երկրներ գրեթե միշտ բարեհաճ են գտնվում իրար հանդեպ, երբ հարցը հասնում է քվեարկությանը։ Դրանք հայտնի են որպես քվեարկության բլոկներ։ Եկեք օրինակի համար դիտարկենք Բելոռուսիայի քվեարկության տվյալները։ Այս երկիրը, որը երբեմն անվանվում է Եվրոպայի վերջին բռնատիրություն, առանձնացավ Խորհրդային Միությունից 1990 թ.-ին։  Այդ ժամանակից ի վեր այն Ռուսաստանին կրկնակի շատ միավորներ է շնորհել, քան որևէ այլ երկրի։ Այս երկրի ձայների մեծամասնությունը Ռուսաստանին ու Ուկրաինային է տրվել։ Պետք է հաշվի առնել նաև, որ քվեարկության կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր երկիր իր միավորներից շատերը պետք է բաշխի չորրորդ, յոթներորդ և տասներորդ նախընտրած երգերին։

Դիտարկենք նաև Հունաստանի ու Կիպրոսի հարաբերությունները։ Թերի Վոգանն այս հարաբերությունները բնորոշում է որպես զավեշտալի, բայց դա այս երկրների պետքն էլ չէ։

Մեր ունեցած տվյալները վկայում են այն մասին, որ Կիպրոսը գրեթե եռակի շատ միավորներ է շնորհել Հունաստանին, քան  իր երկրորդ նախընտրած երկրին՝ Ռուսաստանին։ Հունաստանը փոխադարձաբար է պատասխանել Կիպրոսի այս քայլին՝ տալով կրկնակի շատ միավորներ Կիպրոսին, քան որևէ այլ երկրի։  

Որո՞նք են քվեարկության հիմնական բլոկերը։

Թեպետ տարբեր հետազոտությունների քվեարկության բլոկերի ճշգրիտ պարամետրերը տարբեր են, հիմնականները սրանք են.

• Բալկաններ – Նախկին Հարավսլավիայի, Ռումինիայի ու Ալբանիայի երկրներ

• Նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներ – Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա

• Սկանդինավիա – Հյուսիսային Եվրոպայի հիմնական երկրները, Իսլանդիան, Լիտվան, Դանիան և Լատվիան։  «ABBA»-ն այդքան հաջողակ կլինե՞ր, եթե խմբի անդամները չստանային Ֆինլանդիայի ու Նորվեգիայի միավորները։  

Քվեարկության բլոկերի մեծ մասը հիմնված է մոտիկության վրա, սակայն ոչ բոլորը։ Օրինակ՝ Միացյալ Թագավորությունը և Իռլանդիան հաճախ նպաստավոր միավորներ են փոխանակում Մալթայի հետ, ուստի նրանք կարող են դիտարկվել որպես անսովոր բլոկ։

Բլոկերը հարակայուն չեն ու տարբեր կերպ են ներկայացված տարբեր հետազոտություններում։ Օրինակ՝ 2014 թ.-ին Լոնդոնի համալսարանական քոլեջի ու Լոնդոնի կայսերական քոլեջի կողմից անցկացված հետազոտության մեջ Միացյալ Թագավորությունը, Իռլանդիան ու Սկանդինավիան ներկայացված էին նախկին ԽՍՀՄ-ի հետ նույն խմբում՝ կազմելով մի հսկայական խումբ, որն ամեն տարի բաժանվում էր երկու կամ երեք պատահական ենթախմբերի։   

2008 թ.-ին դոկտոր Դերեք Գեդերերն իր հետազոտության մեջ առանձնացրեց 6 երկիր, որոնք մինչ օրս էլ անմասն են քվեների փոխանակման որևէ համակարգից։ Դրանք են Մոնակոն, Ֆրանսիան, Իսրայելը, Շվեյցարիան, Պորտուգալիան և Գերմանիան։

Կա՞ն բացասական քվեարկության բլոկեր

Թեպետ թվում է, թե պարզ է, որ երկրները դրականորեն են քվեարկում իրեն հարևանների օգտին, սա դեռ չի նշանակում, որ մյուս եվրոպական երկրները, ինչպիսիք են Արևմուտքի երկրները, ակտիվորեն խտրականության են ենթարկվում։ Լոնդոնի համալսարանական քոլեջի ու Լոնդոնի կայսերական քոլեջի վիճակագիրները պարզել են, որ ոչ մի երկիր մյուսին սիստեմատիկ կերպով ցածր միավորներ չի տալիս։  

Այնուամենայնիվ, կան որոշ տվյալներ, որոնք հակառակն են վկայում։ Անցյալ տարի Ադրբեջանը վերջին տեղում էր դասել Հայաստանին, բայցևայնպես դա չխանգարեց մեզ զբաղեցնել 4-րդ տեղը։ Հայաստանի քվերարկողները նույնպիսի վերաբերմունքի արժանացրին Ադրբեջանին։ Տարածված է այն համոզմունքը, որ այս բացասական քվեարկության հիմքում ընկած են Լեռնային Ղարաբաղի պատերազմից բխող կոնֆլիկները։  

Երաժշտական մրցույթը քաղաքակա՞ն բնույթ է կրում

Որոշ դեպքերում՝ անշուշտ։ Ուշադրություն դրձրեք Բոսնիայի ու Հերցոգովինայի միավորներին։ Այն ժամանակ, երբվանից սկսում է մեր տվյալների վերլուծությունը, այն ներքաշված էր սերբ, խորվաթ ու մահմեդական էթնիկ խմբավորումների միջև ընթացող կատաղի պատերազմի մեջ։

Այս նույն բաժանումներն այսօր էլ տեսանելի են քվեարկության տվյալների մեջ։ Տարբեր խմբերը քվեարկում են տարբեր երկրների օգտին։ Ամեն տարի Գերմանիայի կողմից Թուրքիային տրվող ձայների առատությունը վկայում է Գերմանիայում թուրք բնակչության առատության մասին։

Այնուամենայնիվ, կան նաև այլ բացատրություններ։ Այն մասնակիցները, ովքեր արդեն իսկ հայտնի են և միջազգային ճանաչում ունեն նախքան Եվրատեսիլին մասնակցելը, շատ դեպքերում ավելի լավ  արդյունքների են հասնում այս մրցույթում, քան պակաս հայտնի երգիչները։ Օրինակ՝ Սերբիայի մասնակից Մարիա Շերֆովիչը, ով 2007 թ-ին հաղթող ճանաչվեց, նախքան Եվրատեսիլին մասնակցելը հինգ տարի շարունակ զբաղվում էր պրոֆեսիոնալ երաժշտական գործունեությամբ։ Նա իր կատարումներով հանդես էր գալիս Սերբիայի, Մոնտենեգրոյի ու Խորվաթիայի փառատոններին և այլ միջոցառումներին և արդեն երկրպագուների բանակ ուներ այս երկրներում։ Թերևս հենց այս պատճառով էլ նա ավելի շատ միավորներ ստացավ բալկանյան բլոկի կողմից։

Հայտնիության գործոնն աշխատում է ոչ միայն արևմուտքի, այլև արևելքի կատարողների օգտին։ Օրինակ՝ Միացյալ Թագավորությունը երկու տարի անընդմեջ առավելագույն կամ գրեթե առավելագույն միավորներ տվեց  Jedward-ին։ Պատճառը հավանաբար այն է, որ երգիչը ծանոթ էր բրիտանացի քվեարկողներին։

Միացյալ Թագավորությունը փորձեց նմանատիպ քաղաքականություն որդեգրել և եվրոպական շրջագայություն կազմակերպեց 2009 թ.-ի մասնակից Ջեյդ Էվենի համար։ Այս ջանքերն արդարացված էին, քանի որ այդ տարի Միացյալ Թագավորությունը զգալիորեն բարելավեց իր դիրքերը մրցույթում նախորդ տարվա համեմատ (2008-ին Միացյալ Թագավորությունը վերջին հորիզոնականն էր զբաղեցրել)։ Էվենը գրավեց հինգերորդ հորիզոնականը։

Եվրատեսիլի կազմակերպիչները սովորաբար նշում են, որ երբ նույն աշխարհագրական դիրքում գտնվող երկրները քվեարկում են իրար օգտին, դա կարող է պայմանավորված լինել հարևան երկրների ճաշակների նմանությամբ։ Բազում հարևան երկրներ օգտվում են նույնատիպ լրատվամիջոցներից, ունեն ընդհանուր լեզու, ու համապատասխանաբար նրանց երաժշտական նախընտրություններն էլ կարող են համընկնել։

Այնուամենայնիվ, շատ մարդկանց կարծիքով՝ պատահում են դեպքեր, երբ այս կամ այն երկրի կողմից տված քվեները պայմանավորված չեն երգի որակով կամ ժանրով։ «WiWi Bloggs» եվրատեսիլյան լրատվական կայքի հիմնադիր Վիլյամ Ադամսը նշել է. «Եթե Ռուսաստանը նույնիսկ առանց որևէ երգի հայտնվի մրցույթում, այն այսպես թե այնպես կարող է անցնել եզրափակիչ փուլ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել