Ինչպես բանդան կամ հանցախումբն ունի տարբեր տաղանդների և կարողությունների տեր մարդկանց կարիք, այնպես էլ մարդը՝ տարատեսակ ընկերների, գրում է News Australia-ն։
«Ընկերական շրջապատում ամենակարևորը բազմազանությունն է, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց օգուտ կամ օգնություն ստանալ տարբեր «աղբյուրներից»։ Բացի այդ՝տարատեսակ ընկերներ ունենալն ավելի է ընդլայնում մարդու աշխարհայացքը»,- գտնում է հոգեբան Դոմինիկ Բերտոլուչին։

Ըստ հոգեբանի՝ ընկերոջ ամեն մի տեսակը «ծառայում» է տարբեր նպատակների համար և ընդհանուր առմամբ հարստացնում է մարդու կյանքը։

Թեև իսկական, հավատարիմ ընկերներ կյանքի ընթացքում շատ քիչ են հանդիպում և նրանց կարելի է մատների վրա հաշվել, այնուամենայնիվ, կան մի քանի տեսակ մարդիկ, որոնց սեփական շրջապատում տեսնելը բավական «օգտակար» է։

1. Ընկեր, ով մշտապես գտնվում է զվարճանքների կենտրոնում. այսպիսի ընկեր ունենալը շատ զվարճալի է և կարևոր, քանի որ նա միշտ Ձեզ պահում է կյանքի ռիթմի մեջ և թարմ գույներ հաղորդում Ձեր առօրյային։ Նման ընկերոջ հետ հնարավոր է դառնում վայելել կյանքի այն հաճույքները, որոնց կողքով այլ դեպքում Դուք կարող էիք պարզապես անտարբեր անցնել։

2. Ընկեր, ով ամեն ինչ հասկանում է և երբեք չի բողոքում. կյանքն ընթանում է այնպիսի կատաղի արագությամբ, որ հաճախ մենք ժամանակ չենք ունենում հանդիպել մեր հարազատների և ընկերների հետ։ Արդյունքում ընկերները սկսում են նեղանալ, և հարաբերությունները սառում են։ Ուստի շատ կարևոր է, որպեսզի Ձեր կողքին լինի այնպիսի ընկեր, ով երբեք չի տրտնջում և չի բողոքում, այլ վայելում է Ձեզ հետ լինելու յուրաքանչյուր պահ։

3. Ընկեր, ում ձգտում եք նմանվել. անչափ կարևոր է՝ ինքներդ Ձեզ այնպիսի մարդկանցով շրջապատեք, որոնք Ձեզ կործանելու փոխարեն առաջ կտանեն։ Այսպիսի մարդիկ անխուսափելիորեն ստիպում են հնարավորինս լավ կողմից Ձեզ դրսևորել և նորանոր բարձունքներ նվաճել։

4. Ընկեր, ով մահու չափ ազնիվ է. ազնիվ ընկերը նա է, ով ոչ միշտ կասի Ձեզ այն, ինչը ցանկանում եք լսել, այլ այն, ինչը պետք է իմանաք։

5. Ընկեր, ում Դուք ավելի երկար եք ճանաչում, քան ինքներդ Ձեզ. այսպիսի ընկերոջ հետ մարդուն միշտ պարուրում է ապահովության և ջերմության զգացողությունը, քանի որ նա Ձեզ ճանաչում է դեռ «անհիշելի» ժամանակներից՝ ականատես լինելով թե՛ Ձեր անկումներին, թե՛ վերելքներին։ Նման ընկերոջ հետ ձևականություններն ավելորդ են: Նա Ձեզ կհասկանա անգամ լուռ հայացքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել