Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն ի վերջո տվեց այդքան սպասված հարցերի պատասխանն ու հստակություն մտցրեց ԵՄ-Հայաստան առժամանակ «մթագնած» հարաբերությունների հետագա ճակատագրի հարցում:

Փոխհամաձայնության գալով Հայաստանի հետ ապագա հարաբերությունների շուրջ` Եվրամիությունը փաստացի հաշվի նստեց Հայաստանի հետ: 

Մեղմ ասած` Եվրամիությունն ընդունեց Հայաստանի հետ համագործակցության «և…, և…» սկզբունքը՝ համեստորեն հրաժարվելով իր իսկ կողմից «պարտադրված» «կամ…, կամ…»-ից և համակերպվելով այն իրողության հետ, որ Հայաստանը կարող է և իրավունք ունի ակտիվ ու գործնական մասնակցություն ունենալ նաև այլ ինտեգրացիոն գործընթացներում: 

Այսպիսով արդարացվեց ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ Նախագահի կողմից արտաքին քաղաքական հարթությունում կատարված կտրուկ շրջադարձի ոչ միայն հեռանկարային, այլ այս պարագայում մեր երկրի համար հստակ շահեկան լինելու հանգամանքը: 

Աշխարհաքաղաքական բարդ խաչմերուկում գտնվող Հայաստանի համար պարզապես կենսական նշանակություն ունի հավասարակշռված բազմավեկտոր քաղաքականություն վարել աշխարհի և տարածաշրջանային դերակատարների հետ՝ դրանով իսկ ապահովագրելով մեր երկիրն ավելորդ մեկուսացումներից ու սպառնալիքներից:

Այս ամենի կարևորությունը, բնականաբար, ամենից առաջ հասկանում է երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատուն` ՀՀ նախագահը, ում կողմից ժամանակին թերևս միանձնյա ընդունած որոշումն արդարացվեց ժամանակի փորձությամբ:

Ի դեպ, ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների նոր մեկնարկը միանշանակ դրականորեն ընկալվեց հայաստանյան քաղաքական գրեթե բոլոր ուժերի կողմից, ինչն, անխոս, ուրախալի իրողություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել