Սպարտացիները պատմությունից հայտնի են որպես քաջարի մարտիկներ, ովքեր օժտված էին առասպելական ուժով։ Նրանց մասին բազմաթիվ պատմություններ են գրվել, ու ֆիլմեր նկարահանվել։ Մինչ այսօր էլ նրանք ոգեշնչանքի աղբյուր են շատերի համար։ Իսկ ո՞րն էր նրանց ուժի գաղտնիքը։ Սպարտացիներն ամենից առաջ ռազմական ուժն էին կարևորում, իսկ դրա համար նրանք միաժամանակ կարևորում էին իրենց սննդակարգը. նրանք ուտում էին ոչ թե սնունդը վայելելու, այլ առողջ և ուժեղ լինելու համար։
Սպարտացիների համար օրենք էր չունենալ ոչ մի ավելորդ բան, և սա վերաբերում էր նաև սնվելուն։

Սպարտացիների սնունդը հիմնականում իրենց կողմից աճեցրած մրգերն ու բանջարեղենն էին։ Նրանք իրենց սննդակարգում նաև միս և ձուկ էին օգտագործում, մեղր, կաթ, պանիր, գինի և հաց։ Հացը նրանք ոչ թե ցորենից, այլ գարուց էին պատրաստում, իսկ ցորենի հաց օգտագործում էին հազվադեպ՝ միայն տոներին։ Չնայած սպարտացիների սեղանին կարելի էր գինի գտնել, պետք է նշել, որ նրանք չափազանց խիստ էին վերաբերվում հարբեցողությանը։ Նրանք դատապարտում էին չափից շատ գինի օգտագործելը՝ հավատացած լինելով, որ այն վնասում է ինչպես մտքին, այնպես էլ մարմնին։ Գեր մարդիկ Սպարտայում չկային, եթե նրանք հայտնվեին, ապա կարտաքսվեին երկրից կառավարության հրամանով:

Արդեն 12 տարին լրանալուն պես, երբ տղաներն արդեն իրենց երիտասարդության տարիքում էին համարվում, նրանց ֆիզիկական մարզումների ծանրաբեռնվածության աճի հետ մեկտեղ սպարտացիները կոփվում էին ժուժկալությամբ։ Նրանք նվազագույն սնունդ էին օգտագործում, այնպես, որ հետագայում կարողանան դիմակայել դատարկ ստամոքսով աշխատանքին, բացի դրանից՝ նրանք հավատացած էին, որ այսպիսի սննդակարգն օգնում է նաև ավելի բարձր հասակ ձեռք բերել։ 
Մյուս կողմից նրանց թույլատրվում էր սնունդ գողանալ։ Սա օգտակար էր համարվում պատերազմի ժամանակ ճարպկությունը զարգացնելու համար, սակայն երբ նրանց բռնում էին սնունդը գողանալիս, խիստ պատժի էին ենթարկում ոչ այնքան գողանալու, որքան բռնվելու համար։

Որպեսզի սպարտացները չսովորեին համեղ տնական սննդին, նրանք պետք է սնվեին ընդհանուր սեղանի շուրջ՝ այսպես կոչված «ընթրիքային ակումբներում»։ Սպարտացիները պետք է սնունդ հանձնեին՝ միասին մեկ տեղում ընթրելու համար։ Այս համակարգը Լիկուրգ արքան էր մշակել՝ քաղաքացիների մեջ հավասարություն պահպանելու համար։ Ընդհանուր սեղանի շուրջ սպարտացիներն ուտելիքի համն ու ճոխությունը չէին վայելում։ Սեղանի շուրջ բոլորն ուշադիր հետևում էին միմյանց ու ծաղրում նրան, ով վայելում էր իր կոպիտ ու զզվելի ուտելիքը։ Սպարտացիների ամենահայտնի ուտեստը «սև արգանակն» (melas zomos) էր, որը պատրաստվում էր խոզի ոտքերից, արյունից ու քացախից, և որն այնպիսի համ ուներ, որ թերևս սպարտացի մարտիկներից բացի՝ ուրիշ ոչ ոք չէր կարող այն ուտել։ Հույն պատմիչ Պլուտարքոսը գրել է, որ սպարտացի տղամարդիկ այնքան շատ էին սիրում սև արգանակ, որ նույնիսկ այն մսից առավել էին նախընտրում։ Սիցիլիայի միապետ Դիոնիսոսն իր ստրուկին հրամայել էր իր համար սպարտական սև արգանակ պատրաստել, սակայն համն առնելուց հետո չէր կարողացել ուտել այն։ Տղամարդկանց ու երիտասարդների ընդհանուր ընթրիքի ժամանակ (որը «syssitia» էր կոչվում) սեղանին կարելի էր միշտ սև արգանակ գտնել։ Հույն պատմիչ Հերոդոտոսն գրել է.

Զարմանալի չէ, որ սպարտացի տղամարդիկ ամենաքաջն են աշխարհում, բոլոր խելամիտ մարդիկ կնախընտրեին հազար անգամ մեռնել, քան այսպիսի կյանքով ապրել։

Ինչևէ, երբ գալիս էր պատերազմելու ժամանակը, սպարատացիները հագնում էին իրենց լավագույն հագուստն ու երաժշտության ուղեկցությամբ պատերազմ գնում։ Մարտերում սպարտացիները երբեք չէին նահանջում կամ ընկրկում, իսկ պարտության ժամանակ զոհվում էին միասին, սակայն դա հազվադեպ էր լինում։ Իզուր չէ, որ սպարտացիները լավագույն մարտիկներն էին համարվում ամբողջ Հունաստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել