Պատահում է, որ երբ մտնում ենք խանութ կամ ռեստորան կամ այլ հասարակական վայր, մեզ մոտ անկառավարելի ցանկություն է առաջանում ինչ-որ մի իր գողանալու, անգամ եթե մենք այդ իրի համար կարող ենք վճարել:

Սովորաբար դրանք այնպիսի իրեր են, որոնք ունենալու անհրաժեշտությունն այդ պահին մեր կյանքում առանջային չէ:

Համաձայն վիճակագրության՝ գողությունների գրեթե 5 %-ն իրականացվում է կլեպտոմանների կողմից: Ինչ է կլեպտոմանիան, և ովքեր են կլեպտոմանները: Կլեպտոմանիան մարդու կիրքն է, մանիան՝ ինչ-որ բան գողանալու, ընդ որում՝ նա իրականում այդ իրի կարիքը բացարձակ չունի, գողությանը դրդող ուժն այս պարագայում այլ մարդուն պատկանող իրը գողանալն է: Կլեպտոմանիան դասվում է հիվանդագին կախվածությունների շարքին: Գիտնականներին մինչ օրս չի հաջողվել բացահայտել այն հիմնական պատճառները, որոնք ազդում են կլեպտոմանիայի ձևավորման վրա: Գոյություն ունեն մի շարք մոտեցումներ, համաձայն որոնց՝ կլեպտոմանիան հետևանք է գանգուղեղային բարդ վնասվածքների: Առավելապես կապվում է ուղեղում առկա նեյրոտրանսմիտր–սերոտոնին բալանսի խախտման հետ: Այս երկու հեղուկներն են պատասխանատու հույզերի և զգացմունքների վերահսկման համար: Սերոտոնինի մակարդակի խախտումների դեպքում մարդկանց մոտ առավել վառ է արտահայտվում իմպուլսիվ վարքը: Երբեմն կլեպտոմանիան դասվում է ադիկտիվ խանգարումների շարքին (аддиктивные расстрорйства или зависимость), քանի որ գողության գործընթացը կարող է առաջացնել դոֆամինի արտադրություն և հաճույքի զգացում: Հիվանդները կարող են որոնել այդ զգացողությունը կրկին և կրկին: Որպեսզի հնարավոր լինի բացահայտել կլեպտոմանիայի առանցքային պատճառները, անհրաժեշտ են շատ ավելի խորքային ուսումնասիրություններ, քան իրականացվել են մինչ օրս:

Հոգեբանները պնդում են, որ կլեպտոման կարող է դառանալ ցանկացած ոք, ինչպես մեծահարուստը, այնպես էլ սոցիալական խավի ցանկացած այլ ներկայացուցիչ: Այն առավել բնորոշ է կանանց, քան տղամարդկանց: Շատ դեպքերում նման սեռային պայմանավորվածությունը բացատրվում է այն հանգամանքով, որ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Նման հակումներ մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ անգամ դեռահասության տարիքում և շարունակվել մինչ խոր ծերություն: Կլեպտոմանների համար գողությունը նույն բանն է, ինչ թմրամոլի համար թմրանյութի օգտագործումը` գողացար, ստացար ադրենալինի քեզ անհրաժեշտ չափաբաժինը, հանգստացար: Երբ պահանջմունքը նորից գլուխ է բարձրացնում, կլեպտոմանը նորից գողություն է իրականացնում էյֆորիկ զգացողություններ ստանալու ակնկալիքով: Հայտնի աստղերի շարքում առավել աչքի ընկնող կլեպտոմանների շարքում են Լինդսեյ Լոխանը, ով բազմիցս անախորժություններ է ունեցել հագուստի, զարդերի գողության համար, Մեգան Ֆոքսը, ով դեռահասության տարիքում Վոլլ Մարտ սուպերմարկետներից պարբերաբար շպարի պարագաներ էր գողանում, Բրիթնի Սփիրսը, ով հայտնի է բենզալցակայաններից կրակայրիչներ գողանալու իր մոլի հակումով, Վայնոնա Ռայդերը, ով ձերբակալվել է հագուստի և զարդերի գողության համար…

Առավել հաճախ կլեպտոմանները գողանում են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են, օրինակ, կոսմետիկ պարագաները` շրթներկ, օծանելիք, մատների լաք, խարտոց և այլն, անհատական հիգիենայի պարագաներ` օճառ, զուգարանի թուղթ, մազակալներ և այլն, գրենական պիտույքներ` գրիչ, մատիտ, քանոն և այլն, սննդամթերք, օրինակ՝ քաղցրավենիք, ինչպես նաև հագուստ և զարդեր:

Եթե գողերը հպարտանում են իրենց արարքներով, ապա կլեպտոմանները հաճույք և բավականություն են ստանում միայն բուն գողության գործընթացի ժամանակ, դրանից հետո առաջանում է մեղքի զգացում, սակայն հարմար առիթի դեպքում չեն կարողանում իրենց զսպել, որպեսզի չվերցնեն այլ մարդկանց պատկանող իրեր: Կլեպտոմանների գործողություններն ինքաբուխ են, չգիտակցված: Նրանք հիմնականում վերցնում են չպետքական իրեր և, որպես կանոն, շատ դեպքերում անգամ չեն էլ օգտագործում: Կլեպտոմանի համար կարևոր է ոչ թե բուն իրը, որը նա գողանում է, այլ գողության երևույթը: Եթե կլեպտոմանին բռնեն գողություն կատարելիս, նա կամաչի և կընկճվի, իսկ գողը` երբեք:

Կլեպտոմաններին բնորոշ է ցածր ինքնագնահատականն ու միայնության զգացումը: Նման մարդկանց շատ դժվար է տրվում ինքնատիրապետումը: Այս ինքնատիպ հիվանդությունը բացասական է անդրադառնում անձի հոգեկանի վրա` դառնալով ընկճախտի, սթրեսի, քնի խանգարման, ներքին կոնֆլիկտների առաջացման, անձի երկատման պատճառ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել