Tert.am-ը գրում է.

Այսօր մամուլի ասուլիսին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքի՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումները բաժանեց վեց խմբի:

Նա նշեց, որ դրանցից առաջին խումբը քաղաքական միջոցառումներն էին՝ ընդունված բանաձևերը, հիշատակի միջոցառումները, երկրորդ խումբը քարոզչական աշխատանքներն էին:

Նախարարը նկատեց, որ չգտնվեց որևէ հեղինակավոր մամուլ, որ չանդրադարձավ այս հարցին, իսկ մեդիա ֆորումից հետո ավելի շատ ակտիվացան անդրադարձերը Հայոց ցեղասպանության հարցին:

«Երրորդ խումբ հարցերը վերաբերում էին գիտական հետազոտական աշխատանքներին: Բոլոր հեղինակավոր համալսարաններում, որոշ երկրների պառլամենտներում կազմակերպվեցին գիտական համաժողովներ, քննարկումներ՝ նույնիսկ Թուրքիայի համալսարաններում»,-ասաց նա:

Հրանուշ Հակոբյանը շատ կարևոր համարեց իսլամացած հայերի հիմնախնդիրները:

«Փորձագետների տվյալներով, ձևակերպումներով՝ նշվում է, որ մենք 2,5-3 միլիոն ծպտյալ, կամ իսլամացած հայեր ունենք»,-ասաց նա և նշեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելից միջոցառումների կարևոր նշանակությունն այն էր նաև, որ այդ մարդիկ այսօր հայտարարում են իրենց ով լինելը:

«Եթե մեկ բառով ասենք՝ Թուրքիայում այսօր ինքնության ճգնաժամ է, որովհետև հայն ասում է, որ ես հայ եմ, հրեան ասում է՝ ես հրեա եմ, հույնը՝ ես հույն եմ: Այսինքն՝ մարդիկ վերադառնում են իրենց արմատները»,-ասաց նաև նկատեց, որ իսլամացած հայերի մոտ հետաքրքիր շարժում է սկսվել. նրանց որոշակի հատվածներ քրիստոնյա են դառնում, մկրտվում են: 

«Չորրորդ խումբ հարցերը վերաբերում են հրատարակչական գործունությանը»,-ասաց նախարարը և նշեց, որ աշխարհի գրեթե բոլոր լեզուներով տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր, աշխատություններ, նյութեր:

Այս համատեքստում նա կարևորեց Վիգեն Քոչարյանի հետազոտությունը՝ «Հայոց ցեղասպանությունը՝ միջազգային փաստաթղթերում» և նշեց, որ նախատեսել են այն թարգմանել անգլերեն, ինչպես նաև իրականացրել են հայկական կտակների մասին ուսումնասիրություններ, Վուլդրո Վիլսոնի իրավարար վճիռը տպագրել են հայերեն և անգլերեն:

«Շատ օտարերկրացիներ գրքեր տպագրեցին, ինչը շատ արժեքավոր է»,-ասաց նա:

Հինգերորդ խումբ աշխատանքները նախարարը համարեց համայնքային ծրագրերը, մշակութային ձեռնարկները, երախտագիտության երեկոները:

Վեցերորդ խումբը վերաբերում էր եկեղեցական հարցերին: Նա նշեց, որ պատարագներ, եկեղեցական ձեռնարկներ կազմակերպվեցին, և այդ միջոցառումների գագաթնակետերն էին Վենետիկում ապրիլի տասներկուսին Պապի կողմից  համաշխարհային նշանակություն ունեցող քայլը՝ պատարագը, Գ. Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելուն, ինչպես նաև սրբադասման արարողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել