Վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-ապրիլ ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որտեղ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ աճել է 2,7%: 
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են ծառայությունների ծավալի աճը՝ 3,1%, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը՝ 4,2% և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը՝ 4,8%: Մի քանի ամիս է, ինչ շինարարության ոլորտը ոչ նպաստում, ոչ էլ զսպում է տնտեսական աճի, այն կազմել է ընդամենը 0.5%:

Առաջին 4 ամիսներին տնտեսական ակտիվության աճի վրա զսպող ազդեցություն է կրկին ունեցել առևտրի շրջանառության ծավալների կրճատումը, որը կազմել է 7,6%: Այն դրսևորվել է, թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ առևտրի ծավալների կրճատման արդյունքում: Կրճատվել է նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալները (դոլարով) 31,4%-ով, որտեղ արտահանումը կրճատվել է 18,82%-ով, իսկ ներմուծումը՝ 35,8%-ով: Սա մտահոգիչ փաստ է, որը վկայում է տնտեսության մեջ վտանգավոր միտումների մասին:

Թեև վիճակագրական ծառայությունը դեռևս չի ներկայացրել, թե հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերության և ծառայությունների աճը հատկապես որ ճյուղերի հաշվին է տեղի ունեցել, սակայն կարելի է ենթադրել, որ արդյունաբերության 4,2% աճին հիմնականում նպաստել է հանքագործական արդյունաբերության ծավալների աճը, դա իր հերթին պայմանավորված է համաշխարհային շուկայում պղնձի գների մի փոքր աճով: Իսկ մշակող արդյունաբերությունն ընդհանուր առմամբ բարձր աճ չի գրանցել:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը, ենթադրվում է, որ ապահովել է հիմնականում բուսաբուծության աճի հաշվին, իսկ ծառայությունների աճը՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության աճի, ինչպես նաև զվարճությունների ու հանգստի ծառայությունների աճի հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել