Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի՝ սենսացիոն գնահատված հարցազրույցի հայտարարություններից մեկին, որ հայկական կողմին այլևս չի բավարարում  ԼՂ  անվտանգության գոտին:

-Պարո՛ն Պողոսյան, ինչպես կգնահատեիք ՀՀ պաշտպանության  առաջին փոխնախարարի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի ներկայիս սպառազինության պայմաններում մեզ այլևս չի բավարարում ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգության գոտին:

- Սա պարզ ուղերձ է, հատկապես, եթե նկատի ունենանք, որ խոսում է ռազմական գործիչ, մարդ, ով պատասխանատվություն է կրում ազգային անվտանգության հարցերով և բանակի խնդիրների համար: Պետք է ընկալենք, որ այսօրվա դրությամբ  Լեռնային Ղարաբաղի տարածքում եղած բնակավայրերի և առաջին գծի միջև ընկած տարածքն այլևս բավարար չէ, որովհետև Ադրբեջանը գնել է այնպիսի սպառազինություններ, որոնք կարող են նույն այդ բնակավայրերին խոցել: Եվ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս իրավիճակին, որ երբ դուք Ադրբեջանին զենք եք վաճառում և թույլատրում եք, որ Ադրբեջանը, սպառազինությունների նման վազքի մեջ մտած, ձեռք բերի այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են ցանկացած պահի վտանգ ներկայացնել  համայնքներում խաղաղ բնակչության համար, լինի Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղի սահմաններին, ապա պետք է նաև հայկական կողմերը մտահոգվեն անվտանգության նոր երաշխիքներ ձեռք բերելու առումով:

-Միջազգային պրակտիկայում, երբ արդեն հաստատվել է զինադադար, սակայն նման կարգավորումների խնդիր կա, սովորաբար ինչպե՞ս են հարցերը լուծվում:

-Տարբեր եղանակներ կան. բանակցություններ, երբ բանակցող կողմերը նստում են սեղանի շուրջ, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Հայաստանը և Ադրբեջանը ու հասնում ինչ-որ լուծման, ստորագրում միջազգային պայմանագիր, որը կպաշտպանի նաև  միջազգային հանրությունը, և դրա կիրարկման համար երաշխիքները կտա: Կա տարբերակ, որ երբ չի ստացվում հարցը լուծել բանակցությունների ճանապարհով, դու ինչ-որ չափով գտնվում ես սպառազինությունների մրցավազքի  մեջ, և եթե իրենք ձեռք են բերում ինչ-որ հատուկ հարձակվողական տեսակի զինամթերք, դու կամ պաշտպանողականն ես ձեռք բերում, կամ նմանատիպ հարձակվողական, և երբ ինքը գիտակցելով, որ դու էլ ունես նմանատիպ զենքեր, լավ հասկանում է, որ եթե ինքը հարվածի, դու պատասխան ես տալու: Եվ կա մի խնդիր, երբ  կողմերից մեկը անցնում է ամեն ինչի սահմանները , մյուս կողմը ստիպված է լինում նոր մարտավարություն, գաղափարախոսություն, մտածելակերպ դրսևորել՝ իր անվտանգությունն ապահովելու համար:

Հիմա, ըստ իս, Դավիթ Տոնոյանի կողմից արտահայտված միտքը նաև կոչ է միջազգային հանրությանը , որ դուք էլ լավ պատկերացրեք իրավիճակը և փորձեք նաև ընկալելի դարձնել ձեզ համար, թե ինչ գործողություններ պետք է անեք:

Դա կլինի Ադրբեջանին ստիպելը, որ նստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բանակցությունների սեղանին, դա կլինի այլևս որևէ զինատեսակ Ադրբեջանին չվաճառելը, դա գիտակցելն է, որ եթե Ադրբեջանը սկսի պատերազմը , ապա իրավիճակ է փոխվելու և պետք է աշխատել հասկանալ, որ հայկական կողմն իր մտահոգությունները հայտնել է:

-Իսկ կարծում եք, որ հասկացնե՞լ էր տալիս, որ Բաքվի խաղերից հետո հնարավոր են ինչ-որ գործողություններ:

-Ադրբեջանի սադրանքները ամեն օր տեղի են ունենում, նույնիսկ այսօր երբ փորձում են ձևական, օլիմպիական խաղերին ընդառաջ , որ նայեք, մենք հարգում ենք, խաղերի ժամանակ ոչ մի բան չենք անում, որևէ վստահություն ու հավատ չկա, որ Ադրբեջանը չի շարունակելու սադրանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել