Ազգային ժողովը վերածվել է հասարակության համար շոու ապահովող յուրատեսակ կառույցի: 
Իշխանություններն անում են այն ամենը, ինչ նախապես ծրագրավորել են՝ չհանդիպելով որևէ էական արգելքի: 
Բայց ամեն դեպքում բոլորի համար էլ պարզ է, որ հասարակությանը չի կարելի դատարկաձեռն թողնել և, այդ տրամաբանությունից ելնելով, առնվազն շաբաթը մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի կամ Զարուհի Փոստանջյանի կատարմամբ մի բոցաշունչ ելույթ է ներկայացվում: 
Անշուշտ, դրանք որևէ էական նշանակություն չեն կարող ունենալ, բայց ինչպես նշեցինք վերևում՝ մարդկանց զբազեցնել է պետք: Իսկ զբաղվելու համար արդյո՞ք կարող է ԱԺ շոուից առավել արդյունավետ և գեղեցիկ ներկայացում գտնվել, երիցս ո՛չ: 
Վերջիններս խոսում են մարդկանց հոգեհարազատ և հասկանալի լեզվով՝ ի տարբերություն անծրագիր և անգաղափար հեղափոխականների:
Ի դեպ, ո՞վ կարող է մաշտոցյան պարզ հայերենով նշել ընդամենը 4 հիմնարար պատճառ, որը հեղափոխականներին դրդեց նամակներ հանձնել ՀՀ դիվանագիտական կորպուսին: Եվ վերջապես, ո՞րն է այդ քայլի ակնկալվող արդյունքը: 
Տպավորություն է ստեղծվում, թե պատճառը անգործությունն է: Այսինքն՝ անելիք չկա, ամեն ինչ ձախողվել է, իսկ երկար լռելը վտանգավոր է: 
Հարգելիներս, եթե չգիտեք ինչ անել, ապա ոչինչ մի արեք, թե չէ անում եք բաներ, որոնց իմաստն ու բովանդակությունը դուք էլ չեք հասկանում: 
«Դե մի բան անենք էլի, մինչև տեսնենք, կարող ա մի լուսավոր դուռ բացվի, թող մարդիկ տեսնեն էլի, որ մենք էլ կանք». մոտավոր էս տրամաբանությամբ էլ ամբողջանում է Հայաստանի քաղաքական դաշտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել