Tert.am-ը գրում է.

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը Tert.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասում է, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև իրավական համագործակցության շրջանակը հին է և այն վերանայել է հարկավոր։ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս իրավական շրջանակը 1999 թվականից ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն է: Այն չափազանց հին է: Ես հավատում եմ, որ Եվրոպական հանձնաժողովը ուժեղացնում է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում՝ նոր իրավական հիմքի համար ճանապարհ հարթելու համար»,– ասում է նա:

– Պարոն Դոլ, ԵՄ նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կտրականապես մերժում էր և/և-ի քաղաքականությունը, ներկայիս հանձնակատար Յոհաննես Հանը հայտնի է իր շատ ավելի ճկուն դիրքորոշմամբ։ Ձեր տեսակետն այս հարցում ինչպիսին է։

– Եվրոպական ժողովրդական կուսակցությունը աշխատել է և աշխատում է իր երեք հայկական անդամ կուսակցությունների հետ՝ ներառյալ իշխող կուսակցության հետ եվրոպական ստանդարտներն ու արժեքները կյանքի կոչելու համար: Մենք ափսոսանք ենք հայտնել Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշման վերաբերյալ: Մենք դա գնահատել ենք որպես հետքայլ: Այնուամենայնիվ, Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը շարունակվել է: Օրինակ, հունվարի 14-ից ուժի մեջ են մտել Վիզաների դյուրացման և ռեադմիսիա համաձայնագրերը:

Ես Հայաստանում էի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով և հանդիպել եմ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով վերահաստատել է իր ուժեղ կամքը ավելի մեծ թվով ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարության ամրացումը, դատական համակարգի բարելավումը և կոռուպցիայի դեմ պայքարը, Եվրամիության հետ հետագա համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Հայաստանն առևտրային ամուր հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, բայց այն մտադիր է շարունակել եվրոպական արժեքների իրականացման ուղղությամբ աշխատանքը:

- Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթացներից հետո Ռիգայի գագաթաժողովից Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ, արդյո՞ք, ինչպես կանխատեսվում է Եվրամիության բանակցող թիմին արդեն տրվում է մանդատ՝ նոր իրավապայմանագրային հիմքի շուրջ աշխատելու:

–ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս իրավական շրջանակը 1999 թվականից ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն է: Այն չափազանց հին է: Ես հավատում եմ, որ Եվրոպական հանձնաժողովը ուժեղացնում է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում՝ նոր իրավական հիմքի համար ճանապարհ հարթելու համար:

– Հայաստանը և ԵՄ–ն գրեթե նույն առևտրաշրջանառությունն ունեն, ինչ Հայաստանն ու Ռուսաստանը, այսինքն՝ ԵՄ–ն շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար։ Հետևաբար, նման իրողությունների պարագայում ինչպես կարող է նոր իրավապայմանագրային փաստաթղթում տնտեսական մասին վերաբերող դրույթներ չլինել։ Ի՞նչ կասեք այս մասով։

– Հայաստանի առևտուրը Եվրամիության հետ կազմում է երկրի ընդհանուր առևտրի 30 տոկոսը, ինչը նշանակում է, որ ԵՄ-ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է: ԵՄ-ն և Հայաստանը ձգտում են ուժեղացնել և խորացնել իրենց համագործակցությունը, որտեղ հնարավոր է՝ հաշվի առնելով Հայաստանի այլ միջազգային պարտավորությունները:

–  Վերջին շրջանում շատ է խոսվում, որ Հայաստանը պետք է կամուրջ դառնա ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ : Հիմա, երբ Ռուսաստանն ու ԵՄ անդամ երկրները դա փորձում են անել իրար մեջ, ի՞նչ հեռանկար եք տեսնում այս հարցում:

– Հայաստանը Հարավային Կովկասում ԵՄ-ի համար առանցքային գործընկեր է: ԵՄ-ն չի պարտադրում իրեն, բայց աշխատում է համաձայնության և քննարկման հիման վրա: Հայաստանի ունեցած առաջընթացը ճանաչվում է, և այն պետք է շարունակվի: Առաջընթացը գրանցվել է զգայուն համատեքստում: ԵՄ-ն, ինչպես նաև ԵԺԿ-ն աջակցում է Հայաստանի ձեռնարկած բարեփոխումները ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության, ուժեղ դատական համակարգի, մարդու հիմնարար ազատությունների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

– Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում կանցկացվի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կամ արտգործնախարարների ու նախագահների հանդիպում: Սա ինչ-որ նոր ձևաչափ է և արդյո՞ք ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից դուրս հանելու փորձ չէ:

– Մինսկի խումբը ստեղծվել է ԵԱՀԿ-ի կողմից և միակ ճանաչված միջազգային կառույցն է, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելով: Երկկողմանի հանդիպումները նույնպես կարող են  միջավայր ստեղծել կայուն և համերաշխ ձևով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը լուծելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել