Այսօր պետք է տեղի ունենա Ռիգայի գագաթնաժողովը, որի ժամանակ հերթական անգամ պետք է հանդիպեն «Արևելյան գործընկերության» անդամ պետությունների և ԵՄ ներկայացուցիչները, սակայն դեռ նախքան գագաթնաժողովի մեկնարկն արդեն երկու շոշափելի ձախողումներ է գրանցվել եվրոպացիների համար։

Նախ, երեկ հայտնի դարձավ, որ գագաթնաժողովին չի մասնակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանը սրտնեղել էր, որ ԵԽ-ում հակաադրբեջանական բանաձև էր ընդունվել կայանալիք Եվրոպական խաղերի համատեքստում և հայտարարել էր, որ քանի դեռ Եվրոպայում հակաադրբեջանական տրամադրություններ են իշխում, նա չի մասնակցի նման հանդիպումների, հետևաբար չի կայանալու նաև սպասված Ալիև-Սարգսյան հանդիպումն ու Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Ու եթե Ադրբեջանի նախագահի մասնակցությունը մեծ հաշվով ողբերգություն չէր եվրոպացիների համար, որովհետև, այնուամենայնիվ, Ադրբեջանն այնպես չէ, որ ընդհանրապես է որոշել չմասնակցել ու գործուղել է իր ԱԳ նախարարին, ապա Հայաստանի ու Բելոռուսի հետ ձախողումն իրոք ցավոտ է Եվրոպայի համար։ Բանն այն է, որ Հայաստանն ու Բելոռուսը հրաժարվել են ստորագրել ԵՄ ներկայացուցիչների պատրաստած «Արևելյան գործընկերության» հայտարարության տեքստը, որում խոսվում է Ռուսաստանի կողմից Ղրիմն անեքսիայի ենթարկելու մասին, իսկ դա պետք է դառնար այդ կոմյունիկեի մեխն, ու եվրոպացիները ստիպված տեքստի փոփոխված տարբերակ են մշակում, որը հայերն ու բելառուսները կհամաձայնեն ստորրագրել, ու որում չեն լինի դրույթներ, որոնք կնյարդայնացնեն Ռուսաստանին։

Փաստացի, այս գագաթնաժողովը դառնում է ոչ մի բանի մասին, քանի որ կողմերից և ոչ մեկը մեծ հաշվով ոչ մի լուրջ ձեռքբերման ու առաջընթացի ակնկալիքներ այլևս չունի, իսկ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ավելի է մոտենում իր մայրամուտին՝ հավակնելով դառնալ ԵՄ-ի նախաձեռնած ամենաթանկարժեք ու երկարատև ձախողումներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել