Այն, որ ադրբեջանական արհեստածին հանրապետության ներսում ցանկացած հասարակական-քաղաքական խմորում առանձին արձագանք է գտնում նաև այս կազմավորման սահմաններում բնակվող իրանալեզու տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների և կովկասյան պարսիկների շրջանում, արդեն վաղուց հայտնի փաստ է:

Ուշագրավ է սակայն, որ սոցիալական ցանցերում այս անգամ նման արձագանքների առիթ էր հանդիսացել Բաքվի բնակելի շենքում հրդեհի հետ կապված և զոհերի պատճառ դարձած դժբախտ պատահարը, որը տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչների կողմից մեկնաբանվել էր որպես ալիևյան վարչակարգի ստախոսության, անգործունակության և համատարած կաշառառության ուղղակի հետևանք:

Մասնավորապես Ադրբեջանական Հանրապետության տարածքում անկախ իրենց կամքից հայտնված կովկասյան պարսիկները (թաթերը) նշված դժբախտ պատահարի հանգամանքը բնութագրել են որպես հերթական ապացույց առ այն, որ Բաքվի բռնապետական վարչակարգն ի զորու չէ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը նույնիսկ այդ երկրի մայրաքաղաքում, որն, ի դեպ, պատմականորեն կովկասյան պարսիկներով բնակեցված ապշերոնյան ավաններից մեկն էր, որտեղ ժամանակին թյուրքալեզուներ ուղղակի չկային:

Չափազանց հետաքրքրական էր նաև քննարկման խորագիրը՝ «Duru gufturagora xuneyi suxt heç kəs buvar ne sat», որը կովկասյան պարսկերենից թարգմանաբար նշանակում է՝ «Ստախոսի տունն այրվեց, ոչ ոք չհավատաց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել