Եվրամիության Ռիգայում կայանալիք հավաքում Եվրոպան մեզանից ինչ-ինչ բաներ է փորձելու կորզել: Թվում է, թե Հայաստանն իրենից բան չի ներկայացնում, և նրանից այլևս կորզելու ոչինչ չի մնացել: Սակայն առաջին հայացքից աննշան թվացող որևէ թղթի տակ դրված մեր ստորագրությունը կարող է անդարձելի կորուստների հասցնել ոչ միայն մեզ, այլև խաթարել մեր հարաբերությունները մեզ բարեկամ համարող երկրների հետ: Պետք է զգույշ լինել: 

Սակայն մե՞նք ինչի համար ենք գնում այդ հավաքին: Մենք որևէ լուրջ ու մեզ համար կարևոր ու շոշափելի բան ունե՞նք արդյոք խնդրելու կամ պահանջելու եվրոպաներից, թե՞ դարձյալ լսելու ենք նրանց լոլոները Հայաստանում ժողովրդավարության էլ ավելի զարգացման, դատական համակարգում բարեփոխումների իրականացման, կաշառակերության դեմ պայքարի նոր միջոցների կիրառման ու էլի մի շարան դատարկ ու մեզ՝ ժողովրդին, ոչինչ տվող բաների մասին: Բոլորը, մասնավորապես վրացիներն ու ադրբեջանցիներն ինչ-ինչ պայմաններ են դնում եվրոպաների առջև, ինչ-որ բան են ուզում եվրոպաներից:
Արդյո՞ք մենք որևէ լուջ բան չունենք պահանջելու եվրոպաներից, բացի ՓՈՂ ՄՈՒՐԱԼՈՒՑ, ԵՐԿՐԻ համար առավել կարևոր հարցեր չունե՞նք արդյոք քննարկելու…

Բոլորի համար պարզ է, որ առանց այլ երկրների հետ համեմատաբար էժան և անխափան գործող ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ հաղորդակցության, Հայաստանի տնտեսական զարգացման մասին խոսք լինել չի կարող:

Ռիգայում, հայկական պատվիրակության առաջնահերթ խնդիրը պիտի լինի Եվրոմիության ասոցացված անդամի՝ ՎՐԱՍՏԱՆԻ կողմից Հայաստանի տրանսպորտային շրջափակման, այն է՝ Աբխազական ԵՐԿԱԹՈՒՂՈՎ դեպի Ռուսաստան հայկական բեռների տարանցիկ փոխադրման խոչնդոտների շուտափույթ վերացման խնդիրը, մանավանդ որ Աբխազիան տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակներով հայտարարում է, որ առանց որևէ նախապայմանի պատրաստ է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ բացել երկաթուղային տարանցիկ հաղորդակցությունը:

Վրացիների կողմից սահմանը փակ պահելու գլխավոր թիրախը ոչ Աբխազիան է և ոչ էլ Ռուսաստանը: Գլխավոր թիրախը Հայաստանն է, նրան վնասելը և դիմացը Թուրքիայից ու Ադրբեջանից շանտաժի միջոցով ցանկացած հարցում Վրաստանի համար առավելագույն օգուտներ կորզելը:

Ժամանակն է, որ Եվրոպան կոնկրետ գործերով օգնի Հայաստանին: Այսօր Հայաստանի համար կարևորագույն խնդիրը եվրասիական տարածքների հետ իրեն կապող ուղղակի և անխափան երկաթուղային հաղորդակցություն ունենալն է, և դրա միակ խոչընդոտը «եղբայրական» Վրաստանն է:

Եթե մենք Եվրոմիությունից ինչ-ինչ սպասելիքներ ունենք, ապա առաջնայինը Վրաստանի կողմից Հայաստանի երկաթուղային շրջափակման վերացման խնդիրն է: Մենք պիտի պահանջենք Եվրոմիությունից, որպեսզի նա իր ասոցացված ԱՆԴԱՄԻՆ՝ Վրաստանին, պարտադրի Հայաստանի համար բացել աբխազական երկաթուղին: Որքան շուտ, այնքան լավ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել