Tert.am-ը գրում է.

Ռիգայում մայիսի 21-22-ին անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին Բաքուն չի ստորագրի և ոչ մի փաստաթուղթ: Ադրբեջանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. հրաժարվելով ասոցացման պայմանագրից՝ Բաքուն պնդում է Եվրամիության հետ հարաբերությունների անհատական ձևաչափի հարցում, գրում է Независимая газета-ն:

Այդ դիրքորոշման, ինչպես նաև «Արևելյան գործընկերության» որոշ երկրներում տեղի ունեցող գործընթացների շնորհիվ ԵՄ-ն ստիպված է եղել փոխել «Արևելյան գործընկերության» մասնակիցների հետ համագործակցության մոտեցումները:

Մեկնաբանելով Ռիգայի գագաթաժողովից Բաքվի ակնկալիքները՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հաստատել է, որ «Ադրբեջանի կողմից Ռիգայում որևէ պայմանագրի ստորագրում չի նախատեսվում»:

Մամեդգուլիևը, մասնավորապես, ասել է. «Մենք ձգտում ենք ԵՄ-ի հետ հաստատել նոր, ավելի լայն համագործակցություն: Նման՝ էներգետիկ ոլորտում ձեռք բերված համագործակցությանը: Սակայն այդ կապակցությամբ կոնկրետ առաջարկներ դեռ ներկայացված չեն»:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, քաղաքագետ Իլգար Վելիզադեի կարծիքով՝ Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռություն պահպանել ԵՄ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններում:  «Մեր երկիրը վերջին ժամանակներս փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել՝ հատկապես մասնակցելով այնպիսի միջոցառումների, ինչպիսին «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն է»,- հայտարարել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին: Այդ մասին հաղորդել էր Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

«Մինչև Եվրոպական խաղերի մեկնարկը քիչ ժամանակ է մնացել, և դրանով պայմանավորված՝ այժմ վերջին նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում, և Ադրբեջանի նախագահը խիստ հագեցած օրակարգ ունի: Այդ պատճառով պետության ղեկավարը չի կարողանա մասնակցել գագաթաժողովին»,-ասել էր Հասանովը:

Նախագահի օգնականը հայտարարել էր, որ Ռիգայի գագաթաժողովին կմասնակցեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն ու երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել