Tert.am-ը գրում է.

Ռուս հայտնի պրոդյուսեր Մաքս Ֆադեևը Комсомольская правда-ի հետ զրույցում անկեղծացել է իր ընտանեկան ողբերգության, հանցագործների կողմից մատները կոտրելու և սեփական կարողությունների մասին։

Այն հարցին, թե որքան կարելի է վաստակել երեխա արտիստների շնորհիվ, պրոդյուսերը նշել է, որ դեռևս իրենք են ծախսում։ «Ձայնը» սիրված հեռուստանախագծի բոլոր մանկական համարները նա անում է իր հաշվին, ներառյալ՝ հագուստները։ «Ձյուն բեմի վրա, հատուկ էֆեկտներ՝ ամեն ինչ մեր գրպանից։ «Ձայնը. Երեխաներ»-ը մեր էստրադայի ապագա էլիտան է։ Երբ մեծանան, հասունանան, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել եկամտի մասին»,- ասել է Ֆադեևը։

«Ձայնը. Երեխաներ» ծրագրից ստացած իր հոնորարարի մասին պրոդյուսերը նշել է, որ հրաժարվել է վարձատրությունից, թեև իրեն առաջարկել են։

«Բանն այն է, որ ես ու կինս ժամանակին ողբերգություն ենք ունեցել, բժիշկների սխալի պատճառով մենք կորցրել ենք մեր առաջնեկին։ Միգուցե նաև այդ պատճառով է, որ շոուի մասնակից բոլոր երեխաներն ինձ համար կարծես հարազատ լինեն։ Ես չեմ կարող նրանց հետ շփման համար գումար վերցնել»,- պատասխանել է Ֆադեևը։

Լրագրողի այն հարցին, թե երաժշտական պրոդյուսերները, սովորաբար, առանձնահատուկ պահանջներ են ունենում՝ մերսում արտասահմանում, մատնահարդարում և այլն, պրոդյուսերը հայտնել է, որ ամեն ինչ ինքնուրույն է անում, մատանիներ, շղթաներ, ժամացույցներ չի կրում։ Չի խմում, չի ծխում, թմրանյութեր չի ընդունում։ Հագնում է 7 դոլար արժողությամբ վերնաշապիկ, 11 դոլարանոց տաբատ։

«Ես չեմ վարում Bentley, թեև կարող եմ ինձ թույլ տալ։ Իմ որդին չի գնացել հատուկ դպրոց, այլ ամենասովորական դպրոց։ Մերսումը, եթե պետք է, անում են Մոսկվայում։ Եվ ատամներս բուժում եմ այստեղ, այլ ոչ թե Շվեյցարիայում։ Ես ընդհանրապես հայրենասեր եմ, սիրում եմ Ռուսաստանը և ռուսներին»,- ասել է Ֆադեևը։

Խոսելով 1990-ականների շոու բիզնեսի մասին՝ պրոդյուսերը հիշել է, որ ամեն ինչ բաժանված էր, յուրաքանչյուրն ուներ իր հովանավորը, ստիպված էին լինում վաստակածի մի մասը հանձնել։

«Սակայն իմ ամենավտանգավոր բախումը հանցագործների հետ եղել է ավելի վաղ, երբ 19 տարեկան էի։ Ինձ տարան անտառ և բռնության ենթարկեցին։ 20 մարդ փայտերով ծեծում էր ինձ։ Կոտրել էին ոտնաթաթերս, սակայն գիտեին, որ երաժիշտ եմ, այդ պատճառով էլ կոտրել էին մատներս։ Եվ այդ տեսքով ինձ թողել էին անտառում։ Ես սողացել եմ 20 կմ մինչև քաղաք»,- պատմել է Ֆադեևը՝ նշելով, որ դրանից հետո 2 տարի վերականգնվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել