Մայիսի 19-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Սպանել 15 րոպեում» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանելու մտահղացումն ու այն կյանքի կոչելու գաղափարը եղել է պրոդյուսեր Էդուարդ Փոռեյանինը, ով միաժամանակ մարմնավորում էր գլխավոր հերոսի կերպարը: Մյուս կերպարներում հանդես էին գալիս Թինա Ավետիսյանը (Էդուարդ Փոռեյանի կինը), Նիկոլայ Եղիազարյանը և մոդել Շուշան Երիցյանը:

Ես էլ ընկերներիս հրավերով ներկա էի ֆիլմի պրեմիերային և ուզում եմ ձեզ հետ կիսվել ստացածս տպավորություններով, որովհետև դրանք շատ են :)

Սկսեմ սկզբից...

Կարմիր գորգ

Մեր կինոարտադրողները փորձում են Հայաստանում կրկնել համաշխարհային փորձը, բայց կրկնելուց առաջ մոռանում են գոնե YouTube-ով մի լավ նայել նմանակվող տեսարանները:

Դերասանները հավաքվեցին, ցուցադրեցին իրենց «վիպուսկնոյի» զգեստները, շատ արագ, իրար հերթ չտալով, անցան գորգի վրայով: Դե էլ չխոսեմ հավաքված մարդկանց մասին, որոնց մեծամասնությունը չէր էլ հասկանում՝ այդ փոշուց արդեն վարդագույն դարձած կարմիր գորգի ու մեկը մյուսից պսպղուն զգեստներով ու վարսավիրանոցներում մազերի լաքի ողջ պաշարը վերջացրած դերասանուհիներն ինչ էին անում:

Կարմիր գորգից անցանք ներս, դերասանները սկսեցին ֆիլմի պաստառի մոտ դիրքեր ընդունել լուսանկարիչների համար: Խեղճ Շուշան Երիցյան, միայն տեսնեիք այս աղջկա դեմքի միմիկան ու լարվածությունը, էլ չգիտեր՝ շուրթերը ոնց ավելի արտահայտված ցույց տար, տանջվում էր ու տանջվում...

Թինայի դեմքին էլ նայեիր, կմտածեիր՝ հայկական հարցի լուծումն իր ուսերին են դրել:

Դե ֆուրշետի ձևավորման մասին էլ չգիտեմ՝ ինչ ասեմ, նայեք ու կհասկանաք։ ՃՃՃ Մարդ վախենում էր մոտենալ:

Նախքան ֆիլմի ցուցադրությունը դերասանական անձնակազմը ՓՈՐՁԵՑ մի  երկու խոսք ուղղել հանդիսատեսին: Բնականաբար, նրանից և ոչ մեկը գոնե 2 նախադասություն նախօրոք չէր պատրաստել: Շուշան Երիցյանը «շատ հուզված էր», Թինան, չգիտես ինչու, ասաց. «շնորհակալ եմ, որ այս ծանր պահին մեր կողքին եք», թե ինչ ծանր պահի մասին էր խոսքը, ոչ ոք այդպես էլ չհասկացավ, բայց գոնե այդ երկու բառն արդարացրեցին ամբողջ ընթացքում Թինայի դեմքի դժբախտ արտահայտությունը:  

Ֆիլմը սկսվեց, արդեն պատրաստվել էի, որ 1 ժամ ձանձրանալու եմ կամ էլ կեսից դուրս եմ գալու դահլիճից: Բայց պատկերացրեք, որ այն ինձ «15 րոպեում չսպանեց», ու մի լավ ծիծաղեցի ամբողջ ընթացքում, չնայած որ ֆիլմի ժանրը կոմեդիա չէր:

Գոռ Վարդանյանը կամ ընդհանրապես հոլիվուդի մարտաֆիլմերի ռեժիսորները գլուխները պատին էին տվել՝ այսքան երևակայություն ունենային:

Նախ մի թեթև պատմեմ ֆիլմի սցենարը: Գլխավոր հերոսուհին լրագրող  աղջիկ է (Շուշան Երիցյանը), ով մի «անմեղ» հոդվածի շնորհիվ հանդիպում է մեծահարուստ Անդրեասին (Էդուարդ Փոռեյանին): Նրանց մեջ սիրավեպ է սկսվում: Հետո սպանության վկա դառնալու պատճառով Մանուելային սպանում են, Անդրեասը հրաշքով փրկվում է: Եվ ամբողջ ֆիլմն իր սիրելիին սպանողներից վրեժ լուծելու մասին է...

Սկսեցինք :)

Առաջին կադրը, որն ինձ ուղղակի սպանեց.

Գլխավոր հերոսը, չգիտես ինչպես, ինչ հնարքի կամ համակարգչային էֆեկտի օգնությամբ ներս մտավ փողոցում արագ ընթացքող տաքսիի կիսաբաց լուսամուտից, այս տեսարանը տեսնել է պետք :))))))))))) Նման բան անգամ ֆանտաստիկ ֆիլմերում չես տեսնի: 

Հետո շարունակվեց անհավանական արկածների շարանը:

Սիրելի սցենարիստ և ռեժիսոր,

-երբ երկու հոգի իրար հետևից 5 րոպե վազում են, և այդ ընթացքում նրանց հագուստները մի քանի անգամ փոխվում են, կամ նրանք քաղաքի մի ծայրում շենք են մտնում և մյուս ծայրում այդ շենքից դուրս գալիս, դա խոսում է այն մասին, որ դուք նույն տեսարանը նկարել եք մի քանի օր և մոռացել եք` ինչպես և որտեղ էիք սկսել տեսարանը:

-եթե դուք ձեր կյանքում գոնե մեկ անգամ որևէ խմբագրությունում եղել եք, կիմանայիք, որ թերթի խմբագրին պետք չէր Սուլեյման-բռնաբարի կերպարով ներկայացնել, առավել ևս ոչ մի խմբագիր խմբագրությունում տաջիկ ասֆալտագործի հագուկապով չի շրջում:

-եթե դուք շատ տպավորված եք հնդկական ֆիլմերի մարտական տեսարաններից, ապա պետք չի մոռանալ, որ անգամ այդ ֆիլմերում հարվածի ձայնը հարվածից առաջ չի լսվում:

-երբ մարդու գլխին ամենամեծ մուրճով հետևից հարվածում են, արյունը դեմքին մատների գծածով չի քսվում:Ճ

-ոչ մի «համեստ» լրագրողուհի չի կարող խնայողություններով ու ոսկե վզնոց վաճառելով մի քանի մեքենա գնել:

-մենք չենք ապրում քարե դարում, որ տաքսիով շրջելը մարդկանց վրա տպավորություն գործելու միջոց լինի:

-պետք չի սիրահար զույգերի երկխոսության տեքստերը վերցնել Օդնոկլասսնիկիի «Txur Statusner sirox srteri hamar» խմբից:

-երբ մեկը 25 հոգու կարողանում է սպանել ու սուպերմենի հնարքներով տապալել, եթե անգամ ինքը չի վնասվում, գոնե իր վնասած մարդկանց արյունն է քսվում իրեն: 

 

Եվ ընդհանրապես, Էդուարդի էդ լինզաներն ինչո՞ւ էիք դրել :)

 

Հ. Գ. Չեմ ուզում շատ երկար գրել: Դիտել այս  ֆիլմը, թե՝ ոչ, ձեր ընտրությունն է: Միայն կավելացնեմ`  ֆիլմ նկարելու համար միայն տեսախցիկը բավարար չէ, պետք է նաև մի քիչ էլ տաղանդ ունենալ ու ԻՄԱՍՏ ունեցող սցենար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել