Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճել է 2,7 տոկոսով։

Ըստ տնտեսության ճյուղերի՝ ամենամեծ աճն արձանագրել են արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, ապա ծառայությունները: Շինարարությունում աճը չնչին է, իսկ առևտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես, արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 4,2 տոկոսով, գյուղատնտեսությանը` 4,8 տոկոսով, ծառայություններինը` 3,1 տոկոսով, շինարարությանը` 0,5 տոկոսով, առևտրինը նվազել է 7,6 տոկոսով:

Միևնույն ժամանակ ապրիլին մարտի նկատմամբ արդյունաբերությունն աճել է 0,4 տոկոսով, գյուղատնտեսությունը` 46,6 տոկոսով (էական դեր ունի սեզոնային գործոնը), շինարարությունը 3,5 տոկոսով, առևտուրը նվազել է 4 տոկոսով, ծառայությունները` 2,1 տոկոսով:

Ինչ վերաբերում է 2015-ի ապրիլի ցուցանիշների համեմատությանը 2014-ի ապրիլի հետ, ապա արդյունաբերությունը երկնիշ աճ է ունեցել` 10,6 տոկոս, գյուղատնտեսությունը` 5,2 տոկոս, ծառայությունները` 0,7 տոկոս, շինարարությունը` 0,2 տոկոս, առևտուրն արձանագրել է անկում` 11 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել