Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) Թբիլիսիի մասնաճյուղի անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները ցույց են տվել վրաց հասարակության խորացող հակասությունները, ինչպես նաև արտաքին քաղաքականության վեկտորը փոխելու սոցիալական պահանջի առաջացումը, գրում է Независимая газета-ն:

NDI-ի ստացած տվյալներով՝ հարցմանը մասնակցածների 31 տոկոսը կողմ է արտահայտվել Եվրասիական տնտեսական միությանը Վրաստանի միանալուն, դեմ՝ 41 տոկոսը: Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, մեկնաբանելով հրապարակված տվյալները, իրավիճակն անվանել է տագնապալի և ուսումնասիրության արժանի:

Վրաստանի արևմտամետ նախագահի մտահոգությունը հասկանալի է, գրում է հոդվածագիր Յուրի Ռոքսը: Մեկ տարի առաջ ԵՏՄ-ին Վրաստանի անդամակցության օգտին հանդես էր գալիս հարցմանը մասնակցածների 15 տոկոսը: Համաձայն նույն հետազոտության՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու աջակիցների թիվը հասել է 65 տոկոսի, մինչդեռ մեկ տարի առաջ այն եղել է 72-76 տոկոսի սահմաններում:

Վերլուծելով վիճակագրական տվյալները՝ Financial Times թերթը գրում է, որ եվրասիական ինտեգրման կողմնակիցների թվի երկակի աճը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ Վրաստանում պայմաններ են առաջացել ռուսական աշխարհաքաղաքական ուղեծրին վերադառնալու համար՝ Եվրոպայի հետ մերձեցման գործընթացից հիասթափության պատճառով:

Իրականում, գրում է թերթը, եթե դիտենք ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ վերջին տարիներին Վրաստանի փոխհարաբերությունների բնույթը, երևում է հետևյալ սխեման. Թբիլիսին կատարում է այդ ինստիտուտների խորհրդատվությունները և ցանկությունները, իսկ փոխարենը ստանում է միայն գովասանքներ և լղոզված խոստովանություններ մի օր «ընտանիք» ընդգրկվելու մասին:

Նշվում է, որ Արևմուտքի նկատմամբ վերաբերմունքի անուղղակի պատճառ կարող է լինել նաև Ուկրաինայի հակամարտությունը: Կարևոր է նաև այն, որ վրացական նոր իշխանությունները, չհրաժարվելով Արևմուտքի հետ ինտեգրման կուրսից, մեկ այլ կարևոր խնդիր են հայտարարել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Ռուսաստանի հետ առևտրի վերսկսումը  որոշ դրական արդյունքներ է տվել: Դա իր դերն է խաղացել նաև այն հարցում, որ Վրաստանում նկատելի է ռուսամետ կողմնորոշում ունեցող կուսակցությունների և կազմակերպությունների ազդեցության աճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել