Tert.am-ը գրում է.

Tert.am–ի հետ զրույցում ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնում է Սիրիայում հայության վիճակին՝ նշելով, որ այնտեղ դեռ մնացած հայության հարցը լուծելու համար պետք են դիվանագիտական լուծումներ։ Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը՝ պատգամավորն ասում է, որ իրենք ժամանակին այդ մասին հստակ արտահայտվել են՝ նշելով, որ երկու պատճառով դեմ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը:

-Պարո՛ն Ռուստամյան, երեկ արդեն հայտնի դարձավ Սիրիա մեկնող պատգամավորական խմբի միասնական կազմը, որն այնտեղ պետք է գնա, ըստ ամենայնի, այս նուրբ հիմնախնդրում պաշտոնական Երևանի հետ միասնական դիրքորոշում ձևավորելուց հետո: Ո՞րն է Ձեր՝ իբրև դաշնակցականի դիրքորոշումն այս հարցում, ինչ պետք է անի Հայաստանը ստեղված իրավիճակում։

-Խնդիրը չի լուծվի, քանի դեռ Սիրիայի խնդիրը համընդհանուր՝ գլոբալ կոնտեքստի մեջ չի նայվել: Բայց, այո՛, խոսքը հիմա այն մասին է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն՝ ուղղված Սիրիայում  հայերի անվտանգությանը: Հիշո՞ւմ եք՝ Քոբանիին: Ինչպես եղավ, երբ դիվանագիտական միջոցներ կիրառվեցին, որ այն դառնա միջազգային հանրության օրակարգի հարցը, Միջազգային հանրության արձագանքի շնորհիվ կարողացան այդ հարցին լուծում տալ: Իհարկե, շատ կարևոր է, որ մենք այս խնդիրը կարողանանք նաև Եվրախորհրդում բարձրացրել:

Հիմա Հալեպում շատ վատ իրավիճակ է, որը գնալով վատանում է՝ այսպես կոչված «Իսլամական պետության» գործողությունների շնորհիվ։ Նրանք թիրախ են հռչակել  բոլոր նրանց, ովքեր չեն կիսում իրենց հավատքը: Նրանց մոտեցումն այն է, որ   իրենց հավատքը չկիսողները կա՛մ պետք է ոչնչացվեն, կա՛մ պետք է դավանափոխ լինեն:

Ահա այսօր այս ընտրության առաջ է կանգնած ողջ քրիստոնյա աշխարհն այնտեղ և  հայությունը. պատահական չէ, որ «Իսլամական պետության» մարտիկներն առաջին հերթին գնդակոծում էին հայկական եկեղեցիները:

-Պարո՛ն Ռուստամյան, դառնանք հայաստանյան խնդիրներին, երկրում նորից իրավիճակ է փոխվել՝ հոսանքի հնարավոր թանկացման տեսքով, բայց ստացվել է այնպես, որ նախկինում՝ չորսի ֆորմատը չի գործում, արդյունավետ չէ:  Ինչպես եք գնահատում, որ ընդդիմությունն այս հարցում իր բարձունքի վրա չգտնվեց՝ չկարողանալով անգամ բավարար թվով ստորագրություններ հավաքել:

-Լավ չեմ գնահատում ցանկացած իր բարձունքի վրա չգտնվող իրավիճակ: Բոլորս պետք է հասկանանք, որ սա միայն ընդդիմության, իշխանության խնդիրը չէ, սա ժողովրդի հարցն է:Մենք ժամանակին այս մասին հստակ արտահայտվել ենք, որ երկու պատճառ կա, որի հիման վրա մենք դեմ ենք այս առաջարկին, որ ավելացվի սակագինը: Առաջինը սոցիալական պատճառն է, որը, բնականաբար, բարձրացնելու  է աղքատության շեմը: Եվ նրանք, ովքեր աղքատության շեմից ցածր չէին, կարող են գլորվել դրանից ցածր, որովհետև սա էապես կփոխի կենսաապահովման նվազագույն զամբյուղի կառուցվածքը: Առանց այն էլ դրա շեմը համապատասխան չի արձանագրված՝ 35 տոկոս և ավել, քանի որ իրական թիվը շատ ավելի բարձր է: Այս պայմաններում սոցիալական բեռի նման կտրուկ ավելացումը սխալ ճանապարհ է, ավելի է վատացնելու վիճակը երկրում: Երկրորդը՝ սակագնի վերանայման հիմնավորվածությունը մեզ համար խիստ կասկածելի է, և այդ պատճառով, որպեսզի արագ ունենանք ինֆորմացիա, թե ինչ է տեղի ունեցել, նախընտրելի ենք համարում, որ դա կատարվի անմիջական հարցուպատասխանի միջոցով, հրավիրվեն պատասխանատուները, լսենք նրանց, որից հետո քաղաքական ուժերը ավելի պատրաստ կլինեն կողմնորոշվելու: ԱԺ-ն պետք է նախաձեռնի այդ հանդիպումը Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ:

- Թանկացման դեմ պայքարող խումբը հայտարարել է, որ հոսանքի թանկացման դեմն առնելու միակ ձևը փողոցային պայքարն է: Հնարավո՞ր է, որ ինչ-որ մի պահի Դաշնակցությունը ևս լինի փողոցում:

-Դաշնակցությունը բոլոր տեղերում էլ հնարավոր է լինի: Հայաստանում չկա այդպիսի տարածք, որտեղ արգելված լինի Դաշնակցության մուտքը:

-Իսկ կոալիցիայի՞ տարածքը:

-Տեսեք այս թեմայի մասին մինչ այս արտահայտված մտքերը...

-Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովում հիմա ամփոփվում են առաջարկները: Եղել է առաջարկ, որպեսզի սահմանադրորեն ամրագրվի փոխվարչապետների ինստիտուտի ընդլայնումը, որպեսզի վարչապետը  կարողանա զբաղվել զուտ հայեցակարգային–գաղափարախոսական հարցերով, ոչ թե օպերատիվ, ընթացիկ իրավիճակով: ՀՅԴ-ի մոտեցումն այս հարցում:

- ճիշտ չէ հիմա նման ձևով անդրադառնալ այս լայնածավալ փաստաթղթին, որի դետալները հիմա ոչ մեկին հայտնի չեն: Տարբեր խոսակցություններ կան, որ այս է լինելու, այն, դրանք ոչ մեկն իրականությանը չեն համապատասխանում, քանի նախագիծը չի հրապարակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել