Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ այն, ինչ այսօր ունենք, մեզ որևէ հիմք չի տալիս խիստ լավատեսական կանախեսումներ ունենալու Ռիգայի գագաթնաժողովից։ «Եթե ուշադիր դիտարկենք, որևիցե լուրջ բան այս պահին սպասել չի կարելի: Բայց դա չի նշանակում, որ Ռիգայի գործընթացին պետք է ակտիվ մասնակցություն չունենանք: Եվ գոնե, իմ խորին համոզմամբ, դա կլինի այն ելակետային մեկնարկը, որով կամրագրվի, թե ինչի ենք հասած եղել այդ` 3.5 տարվա բանակցությունների ընթացքում»,– ասում է նա:

- Պարո՛ն Քոքոբելյան, Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ` բավականին տարբեր կանխատեսումներ են արվում, թե այնտեղ Հայաստանի հետ հարաբերություններն ամրագրող ինչ փաստաթղթի հիմք պետք է դրվի: Կան լավատեսական և ավելի զուսպ կանխատեսումներ: Դուք որի՞ կողմնակիցն եք:

- Անկեղծ ասած`լավատեսական կամ վատատեսական մոտեցումը չէ, որ պետք է ասեմ, այլ՝ խիստ պրագմատիկ: Եվ կարող եմ ասել, որ այն, ինչ որ այսօր ունենք մեզ որևէ հիմք չի տալիս խիստ լավատեսական կանխատեսումներ ունենալու, այդ թվում նաև` մեր եվրոպական գործընկերների հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի՝ որպես երկրորդ կողմի հայտարարությունները։ Եթե ուշադիր դիտարկենք, որևիցե լուրջ բան այս պահին սպասել չի կարելի: Բայց դա չի նշանակում, որ Ռիգայի գործընթացին պետք է ակտիվ մասնակցություն չունենանք: Եվ գոնե, իմ խորին համոզմամբ, դա կլինի այն ելակետային մեկնարկը, որով կամրագրվի,թե ինչի ենք հասած եղել այդ` 3.5 տարվա բանակցությունների ընթացքում: Եվ այդ ամրագրումից հետո արդեն վստահ եմ, որ նոր հնարավորություններ պետք է բացվեն մեր եվրոպական ուղղության հետ: Այսինքն` մենք զրոյից չենք սկսի, այլ կսկսենք այդ ելակետից, քանի որ արձանագրված կլինի, թե ինչի վրա ենք մենք կանգ առել: Եվ զուտ քաղաքական առումով դա կլինի փաստաթուղթ, տնտեսական առումով այն որևէ բաղադրիչ իր մեջ չի պարունակի:

– Հայաստան–ԵՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը գրեթե հավասար է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությանը, ուստի  խիստ տրամաբանական կլինի, եթե Հայաստան–ԵՄ փաստաթղթում չլինեն տնտեսական դրույթներ, թեպետ ի սկզբանե հայտարարվել էր, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուց (ԽՀԱԳ) որևէ բան չի լինելու:

- Համակարծիք եմ Ձեր բարձրացրած հարցի հետ, և մենք միշտ նշել ենք, որ Հայաստանին  տնտեսական առումով շահավետ չէ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Եվ որքան էլ փորձեն հիմնավորել, որ դա մեր կենսական շահերից է բխում, միևնույն է՝ մենք այսօր դրա ականատեսն ենք և մեր` ԵՏՄ-ին  հնգամսյա անդամակցության փաստերը որևիցե լավ բան չեն հուշում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մոտ 47 անգամ նվազել է արտահանումը, քանի որ այս տարվա առաջին եռամսյակին Ռուսաստանի հետ արտահանումը կազմել է 1,4 միլիոն դոլար առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի՝ 65 միլիոն դոլարի համեմատ:

- Համակարծի՞ք եք, որ ԽՀԱԳ-ի կետերի ներառումը Ռիգայում հնարավոր ստորագրվելիք փաստաթղթում տրամաբանական է: 

-Ե՛վ տրամաբանական եմ համարում, և՛ անհրաժեշտ, բայց, ցավոք, իրատեսական չեմ համարում:

 -Այսուհանդերձ, Շտեֆան Ֆյուլեի կոշտ` այսպես ասենք` բացարձակ  «կամ, կամ»–ի  կոշտ դիրքորոշումներին այլևս եկել են փոխարինելու ԵՄ պաշտոնյաների առավել ճկուն մոտեցումները:

-Ես կարծում եմ, որ Եվրամիությունն այն ժամանակ էլ ճիշտ չարեց` նման կոշտություն որդեգրելով, որովհետև վստահ պետք է լինեին, որ դրան հակադարձելու է ռուսական կոշտ մոտեցումը, ինչի ականատեսը եղանք:

 

Եվ ցավոք, ՀՀ իշխանությունն ի զորու չեղավ ուղղակիորեն ու ինքը հակադարձելու այդ  մոտեցումներին: Բայց վստահ եմ ուղղակի, որ այսօր թե՛ եվրոպական մեր գործընկերները, թե՛ արևմտյան հստակ պատկերացում ունեն, որ չի կարելի Հայաստանի առաջ փակել դռները և պետք է օր առաջ համագործակցության նոր ֆորմատներ ու ձևաչափեր գտնել: Եվ նաև Հայաստանն էլ պետք է բաց լինի եվրոպական նախաձեռնությունների համար:

-Պարո՛ն Քոքոբելյան, Հայաստանում արդեն շուրջ մեկ շաբաթ է` հոսանքի հարցով հանրահավաքներ է կազմակերպում ֆեյսբուքյան նախաձեռնող խումբը, իսկ քաղաքական ուժերն այդ պայքարին անմասն են մնում: Երեկ էլ տեսանք, թե ինչ կատարվեց նախկին ընդդիմադիր ձևաչափի ուժերի միջև այս հարցով:

- Նախ, այնպես չէ, որ քաղաքական գործիչներն անմասն են մնում: Ես առաջին խոսացողներից մեկն եմ եղել և հիմա էլ գտնում եմ, որ ՀԾԿՀ-ին ներկայացված հայտը ուղղակի որևէ հիմնավորում չունի: Բայց 300 միլիոն պարտքի առաջացումը Բաշխիչ ցանցերում չհիմնավորված է, որովհետև բնական մենաշնորհ ունեցող կազմակերպությունը, ի դեպ, նա չպետք է դաշտում միակը լիներ, բայց չպետք է պատկաներ այլ պետությանը, դա այլ խնդիր է, ահա այս կազմակերպությունը նման պարտք է կուտակում: Սա Հայաստանի անվտանգության և ռազմավարական նշանակության կազմակերպություն է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ կառավարությունն ունի ոչ միայն համապատասխան լծակներ, այլև պարտավոր է օր առաջ միջամտել և գործիքներով ուղղակի պարզել, թե որտեղ է այդ 300 միլիոնը: Չեմ ուզում իրավական գնահատականներ տալ, զերծ կմնամ:

-Կարծեմ` ԱԺ Գազային, այլևս` լուծարված հանձնաժողովն էլ պետք է պարզեր, թե ինչպես էր գոյացել գազի մասով 300 միլիոնը:

- Կարծես թե 300 միլիոնը Հայաստանի համար խորհրդանշական թիվ է դարձել  (ծիծաղում է), բայց սա արդեն այն եզրագիծն է, որից այն կողմ ուղղակիորեն չեն կարող շարունակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել