Քրդական լրատվական գործակալություններից մեկի թղթակցի պնդմամբ՝ մոտ 20 օր առաջ Հաքյարիի Յուքսեքովա շրջանում, թուրք-իրանական սահմանի մոտ, միմյանց են բախվել թուրք ոստիկաններն ու զինվորականները: Ըստ այդ պնդումների` ոստիկանության հատուկ նշանակության ուժերն Անկարայից տրված հրամանով հատուկ նշանակության գործողություն է ցանկանում իրականացնել Յուքսեքովայում: Տեղի թուրք զինվորները ոստիկանությանը տեղեկացնում են, որ ՔԲԿ-ի զինյալներ տարածքում չկան, և նման գործողության անհրաժեշտություն էլ չկա, սակայն ոստիկանության ուժերը պնդում են իրենցը և իրականացնում գործողություններ: Որոշ ժամանակ անց ոստիկանական ուժերը ցանկանում են ընդլայնել գործողությունների շրջանակը, իսկ զինվորականներն առարկում են և խոչընդոտում: Սկսվում է վիճաբանություն, ինչն էլ վեր է ածվում փոխհրաձգությունների, որի հետևանքով իբր 3 զինվորական ու 5 ոստիկան է սպանվում, մի քանիսն էլ վիրավորվում: Դրա մասին խոսել է նաև ԺԴԿ համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշը` նույնիսկ նշելով հիվանդանոցում գտնվող վիրավորներից մեկի անունը: Գլխավոր շտաբից ու ոստիկանությունից ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այս տեղեկատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել