Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ հնարավոր գործողություններին, նշեց, որ Ադրբեջանը միանշանակ գնում է սահմանի երկայնքով և շփման գծում իրավիճակի սրման, ապա հետևյալ հարցադրումն արեց. «Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է, մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ: Բաքվում կանցկացվեն օլիմպական խաղերը, հայկական ուժերը ի ցույց կդնեն իրենց զսպվածությունը մինչև դրանց ավարտը...»։ 

-Տարեսկզբին ՊՆ մամուլի խոսնակը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում ամեն օր տեղի ունեցող միջադեպերին, գրեց. «Մենք դանդաղ պատերազմի մեջ ենք»: Այս իմաստով էլի այդ նույն դանդաղ պատերա՞զմն է, թե ինչ-որ բան է փոխվել:

-Պատերազմի վերսկսման հավանականությունը մեզ անհրաժեշտ է գնահատել Ադրբեջանի տեսանկյունից, ինչի մասին նրանք պարբերաբար արտահայտվում են: Ընդ որում, հայտարարում են պաշտոնապես ու ամենաբարձր մակարդակով,

-Որ «պատրաստվում են և գնալու են տարածքներն ազատագրելու», որ «սպանելու ենք հայերին», որ «ադրբեջանցի զինվորների պարտքն է դա անելը» և այլն: Իրենց նախարարի խոսքերից եմ մեջբերում:

-Այո, և դա պայմանավորված է բանակցային գործընթացի արդյունքների հետ իրենց անհամաձայնությամբ: Իրենց ոչ շահեկան վիճակը բանակցություններում փորձում են փոխհատուցել կոշտ դիրքորոշմամբ և պարբերական անթաքույց սադրանքներով: Հակամարտության էսկալացիայի մասին է վկայում այն, որ սկզբում դիպուկահարներ էին կիրառում, հետո՝ դիվերսիոն խմբեր, հիմա էլ ավելացել է ականանետային կրակը... Եվ այսպես ամեն օր: Մենք հրավիրել ենք միջնորդների և դաշնակիցների ուշադրությունն այս հանգամանքին: Միաժամանակ իրենց կողմից խստացվում են հակահետախուզական , վարչական-հակահետախուզական ռեժիմները մերձսահմանային գոտում, որտեղ լրագրողների մուտքը և անվտանգության իրավիճակի վերաբերյալ լրատվության հրապարակումն արգելված է: Այսինքն` իրենք գնում են ռազմական գործողությունների նախապատրաստման բոլոր առումներով: Իսկ կանցնե՞ն լայնածավալ գործողությունների, թե՞ կշարունակեն տեղային գործողությունների աստիճանական ընդլայնման մարտավարությունը, երկու տարբերակն էլ հավանական է, և երկուսին էլ պատրաստ ենք: Կարևոր մի հանգամանք ևս. ադրբեջանական իշխանությունները իրենց հայտարարությունների գերին են դարձել, ի տարբերություն Հայաստանի. ո՛չ ՀՀ Նախագահը, ո՛չ պաշտպանության նախարարը նման հռետորաբանություն չեն օգտագործում:

Եվ այս համատեքստում ցանկանում եմ հռետորական հարց հնչեցնել. իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ: Բաքվում կանցկացվեն օլիմպական խաղերը, Հայկական ուժերը ի ցույց կդնեն իրենց զսպվածությունը մինչև դրանց ավարտը…: Եվ այսօր էլ զսպվածություն են ցուցաբերում , ինչը ակնհայտ տեսանելի է՝ մենք չենք սադրում, չենք սրում իրավիճակը:

-Հիշեցնենք, որ հունվարին, երբ սահմանին իրավիճակը լարվեց, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական պետական միջոցառումներն առջևում էին: Ինչո՞ւ եմ ընդգծում, քանի որ որոշ վերլուծաբաններ հենց 100-րդ տարելիցով էին պայմանավորում այդ ակտիվությունը։


- Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացումը մեր սահմանին իրավիճակի սրման պատրվակներից մեկն էր միայն: Ես էլ կարող եմ մեկ այլ տարբերակ նշել. փորձեցին Բաքվի եվրոպական խաղերի պատրվակով մեզ վրա ճնշում գործադրել, որպեսզի այդ ժամանակահատվածում, իրենց գնահատականով, ոչ մի գործողություն մեր կողմից չլինի: Արդեն երկու շաբաթ է, ինչ իրավիճակը՝ խախտումների ինտենսիվության տեսանկյունից, կարելի է գնահատել  ցածր: Պատճառը և՛ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներն են, և՛ Ադրբեջանի կրած կորուստները, որոնք համարժեք, գուցե իրենց համար չսպասված պատասխանն են իրենց իսկ կողմից իրավիճակի ապակայունացմանը միտված դիվերսիոն գործողությունների: Գուցե դա է պատճառը, իսկ գուցե այն, ինչը ոչ միայն չեմ բացառում, այլև շատ հավանական եմ համարում, որ հիմա՝ այդ խաղերի անցկացման այս ժամանակաշրջանն օգտագործում են իրենց ուժերը վերախմբավորելու և նոր սադրանքների նախապատրաստելու համար: Ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե սադրանքների, այլ պարզապես գործողությունների, որովհետև իրենք ոչ միայն սադրում են, այլև հստակ լարվածությունը սրելուն ուղղված գործողություններ են կատարում:

-Ի՞նչ գործողություններ, դրանք Դուք ինչպե՞ս եք կոչում:

-Այս գործողությունների նպատակը, իրենց քաղաքական ղեկավարության բնորոշմամբ, տարածքների վերադարձն է: Իսկ մեզ համար դա Հայրենիք է, Արցախի ժողովրդի համար՝ Հայրենիք։

-Մինչև տարեվերջ, էլի՞ նման գործողություններ եք «ակնկալում» Ադրբեջանից:

- Լիովին հավանական եմ համարում, որ Բաքվի խաղերից հետո, կամ գուցե արդեն դրանց ավարտին Ադրբեջանն ակտիվացնի իր գործողությունները: Չմոռանանք, որ իմիջային առումով այդ խաղերը ադրբեջանցիների համար շատ կարևոր են՝ ցույց տալու համար, որ իրենք նման զարգացած երկիր ունեն, նման մակարդակի միջոցառումներ են կազմակերպում, ու միաժամանակ 20%-ի «հին երգն են երգում»։ Ի տարբերություն Ադրբեջանի, մենք՝ հայերս, տարածքի խնդիր չունենք, մենք տարածքի կռիվ չենք տալիս, այլ մեր Հայրենիքում ապրելու իրավունքն ենք պաշտպանում՝ պետականության ստեղծման և պահպանման միջոցով։


-Իրենց ամեն դիվերսիայից հետո նշվում է, որ ադրբեջանցիները գործել են թուրքական հրահանգիչների ցուցումներով:

- Կարող եմ արձանագրել, որ վերջին 3-4 տարում Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական, ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցությունը կտրուկ աճել է: Ռազմական առումով դա մարտական պատրաստության լուրջ ծրագիր է, որն արդեն իրականացվում է և արտահայտվում է համատեղ վարժանքների և զորավարժությունների տեսքով, մասնավորապես, նախիջևանյան ուղղությամբ: Համատեղ զորավարժությունների ու վարժանքների իրականացումը մարտական պատրաստության ոլորտում համագործակցության բարձրագույն աստիճանն է: Իսկ դա արդեն պարզապես հրահանգիչների գործունեություն չէ, խոսքը ԶՈւ համատեղ միջոցառումների մասին է, և՛ հրամանատարաշտաբային, և՛ դաշտային, և՛ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունների մասին։

Ուզում եմ նշել, որ այլ երկրներ նույնպես Ադրբեջանի հետ համատեղ վարժանքներ են անցկացնում, օրինակ՝ Կասպից ծովում, բայց դրանց մենք նման արձագանք չենք տալիս, քանի որ այդ պետությունները փորձում են հավասարակշռված հարաբերություններ պահպանել Ադրբեջանի ու Հայաստանի հետ զուգահեռաբար: Իսկ Թուրքիայի պարագայում կարող եմ ասել, որ այն տարածաշրջանի միակ պետությունն է, որ դա անում է միակողմանի՝ ակնհայտ հակահայկական նպատակադրմամբ: Մտահոգիչը հենց այդ հանգամանքն է, այլ ոչ թե ինքնին զորավարժությունները: Հայաստանն իր ուժերը 4 գործողությունների թատերաբեմում է տեղակայել: Այսինքն` Հայաստանը կարողանում է և՛Աֆղանստանում, և՛ Կոսովոյում, և՛ Լիբանանում, և՛ Տաջիկստանում խաղաղապահ և արագ արձագանքման ուժեր տեղակայել: Մենք էլ ենք պատրաստվում, մեր մարտական պատրաստվածությունը բավականին ակտիվ է՝ ներառյալ միջազգային ձևաչափով: Եվ եթե Ադրբեջանի ու Թուրքիայի համագործակցությունը միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում է, ապա մեզ մտահոգում է միայն այն փաստը, որ դա միակ տարածաշրջանային երկիրն է, որը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ուստի այդ համագործակցությունը կարելի է գնահատել որպես միակողմանի աջակցություն Ադրբեջանին: Եվ անգամ ցանկացած երկիր, որը զենք է վաճառում Ադրբեջանին կամ համատեղ արտադրությամբ զբաղվում, հայտարարում է, որ կարող է այդ նույն նույնը վաճառել նաև Հայաստանին: Այսինքն՝ նույնիսկ դա մենք չենք գնահատում որպես միակողմանի աջակցություն Ադրբեջանին: Այլ հարց է, որ մենք ինչ որոշում ենք կայացնում՝ գնե՞լ կամ արտադրել այնքան սպառազինություն, որքան մեզ անհրաժեշտ է: Կորոշե՞նք անել այս ուղղությամբ ավելին, դրա հնարավորությունը ևս կա։

-ՀՀ ռազմական դոկտրինում մատնանշված են Ադրբեջանը և Թուրքիան՝ որպես ՀՀ անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերներ: Հաշվի առնելով տարածաշրջանի վերջին զարգացումները՝ Սիրիա, Իրաք, այսպես կոչված «Իսլամական պետության» խմբավորումների գործողությունները և այլն, արդյո՞ք Հայաստանի համար արտաքին վտանգների առումով սուբյեկտները չեն ավելացել:

-Այժմ Պաշտպանության ռազմավարական վերանայում է իրականացվում: Ընդ որում, սպառնալիքների գնահատման փուլն արդեն իսկ իրականացվել է 2014-ին. երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերագնահատել է բոլոր առկա և հավանական, ներառյալ, նոր ի հայտ եկած սպառնալիքները: Քանի որ այդ ցանկն ինքնին դասակարգված, պետական գաղտնիություն պարունակող փաստաթուղթ է, ապա առանց քաղաքական գնահատականներ տալու բացահայտ հայտարարել, թե ինչպիսի սպառնալիքներ են ավելացել, ինչպիսիք՝ պակասել, նպատակահարմար չէ: Սակայն համոզված եղեք, որ գնահատված են ոչ միայն սպառնալիքները, այլև բոլոր՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային առկա և հնարավոր զարգացումները: Ընդ որում, դրանք դիտարկված են ոչ միայն Հայաստանի, այլև հայ ժողովրդի՝ հայության անվտանգության տեսանկյունից: Այսինքն, եթե Սիրիայում հայի կյանքը վտանգված է այն պատճառով, որ ինքը հայ է, հենց այդ տեսանկյունից են արվել գնահատումները: Ավելին՝ դիտարկվել են մեր դաշնակիցների հնարավոր սպառնալիքները ևս: Օրինակ՝ Ռուսաստանի կամ մյուս դաշնակիցների պարագայում: Մշակված է նաև հստակ մեթոդաբանություն՝ դրանց արձագանքման և չեզոքացման մեխանիզմների ստեղծման առումով:

- Թեև հայտարարվեց, որ ՊՆ-ն դեռ վերջնական տարբերակ չունի, ամեն դեպքում պատրաստվում է նախագծով հանդես գալ, որով ընտանիքի միակ արու զավակը առաջնագիծ չի ուղարկվի: Անձամբ կողմնակի՞ցն եք նման օրենքի:

-Այդ նախաձեռնությամբ, կարծում եմ, բավականին լուրջ հարց ենք լուծելու, նկատի ունեմ՝ ՀՀ-ն ու ԼՂ-ն: Հայկական երկու պետությունները այնպիսի խնդիրներ են կատարում պաշտպանության կազմակերպման ոլորտում, որոնք իրենց ընդգրկմամբ` և՛ տնտեսապես, և՛ ժողովրդագրական տեսանկյունից, շատ լուրջ և կարևոր են: Ինչ վերաբերում է  հարցին, թե ո՞վ պետք է զորակոչվի, ով՝ ոչ, ապա բերեմ հետևյալ օրինակը. ժողովրդագրական խնդիր չունեցող երկրներում պայմանագրային-ժամկետային ծառայությունը, բանակի համալրումն իրականացվում է ընտրանքի սկզբունքով, այսինքն՝ հարյուրավորներից մեկն է զորակոչվում՝ հաշվի առնելով սոցիալական, ընտանեկան, առողջական գործոնները: Այնտեղ զորակոչվելու համար այդ շեմը շատ ցածր է, իսկ Հայաստանում, հակառակը, շատ բարձր: Այսինքն, եթե այդ երկրներում զորակոչային ռեսուրսի 1/100-ական մասն է զորակոչվում, ապա մեզ մոտ այդ ռեսուրսն օգտագործվում է գրեթե ամբողջությամբ:

Եվ գուցե պարադոքսալ հնչի, սակայն իմ անձնական կարծիքով, նման պարագայում, նման մարդկային ռեսուրսի խնդիր ունենալով՝ մենք մեզ չենք կարող թույլ տալ բանակ զորակոչել ընտանիքի միակ արու զավակին և ուղարկել առաջնագիծ: Սա բարոյական առումով ծանր խնդիր է, որովհետև մահվան ելքի դեպքում տոհմածառն ուղղակի կտրվում է:

Ի դեպ, որոշ մարդիկ արդեն ասում են, որ դա կբերի ժողովրդագրական խնդրի, քանի որ ընտանիքները կսկսեն մեկ երեխա ունենալ: Ի՞նչ ասեմ՝ կա ողջամտության կանխավարկած, չէ՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել