Tert.am-ը գրում է.

«Հանրաքվեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երկու թերություն է նկատել: Նախագծի քննարկմանը, հիմնական զեկուցող ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեց, թե ինչպես է ապահովվելու հավասար քարոզչությունը «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների համար: Նա նկատեց, որ եթե ընտրությունների ժամանակ Ընտրական օրենսգիրքն ապահովում է թեկնածուների համար հավասար պայմաններ Հանրային հեռուստաընկերությամբ և ռադիոյով, ապա այս դեպքում բաց է թողնված: 

«Օրինակ՝ օրենքը պետք է նախատեսեր, որ հավասար ժամանակ տրվեր «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցներին՝ հաշվի առնելով հանրաքվեի կարևորությունը»,- ասաց նա: 

Երկրորդ նկատառումն այն էր, որ ներառված չեն ազատ և թափանցիկ  ընտրությունների անցկացման համար ընդդիմադիրների առաջարկությունները, որին, ըստ նրա, համամիտ էր նաև Դաշնակցությունը, ինչպիսին օրինակ՝ ցուցակների հրապարակում ընտրությունից հետո, ռեգիստրի մաքրում, տեսանկարահանող սարքերի տեղադրում տեղամասերում և այլն:

«Դուք, կարծես, այս նույն դրույթների կողմնակից եք: Հիմա շատ լավ առիթ էր այս դրույթները դնելու բերված օրինագծում: Եթե իշխանության նպատակն այն է, որ այս նախագիծը հանրաքվեի համար է, այս հարցերն էլ լուծեիք, ինչո՞ւ չեք արել»,- հարցրեց նա:

Արծվիկ Մինասյանը նշեց, թե նշված առաջարկություններն իրենք էլ են կարևորում, բայց դրանք ավելի շատ քաղաքական որոշման հարցեր են, քան իրավական: Իսկ թե ինչու չեն այդ գաղափարները իրացրել՝ նշեց երկու պատճառ. որպեսզի  սահմանադրական փոփոխությունների շրջափուլում ակտիվ ներգրավեն կողմերին և պահանջներն իրացնեն սահմանադրական եղանակով: Ըստ նրա՝ այդ փոփոխությունները կառաջարկեն սահմանադրական փաթեթում:

Իսկ թե ինչու նախապես հստակեցված չէ քարոզչության համար նախատեսված եթերը, Մինասյանը պատասխանեց, որ եթե թեկնածուների ժամանակ ամեն ինչ հստակ է, այս դեպքում հստակ չեն, «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները: 

«Հանրաքվեի ժամանակ չունենք թեկնածուներ, կան տեսակետներ արտահայտողներ, ինչպե՞ս պետք է որոշվի: Սրանք խնդիրներ են, և  ուրախ կլինենք քննարկել, եթե լինեն համատեղ լուծումներ»,- ասաց նա և նշեց, որ պետք է արվի ամեն ինչ, որ հանրությունը չհայտնվի շփոթմունքի մեջ:

Լևոն Զուրաբյանը հակադարձեց, թե այն թեզը, որ նպատակահարմար չեն գտել հարցերն այս փուլում լուծել և փորձելու են սահմանադրական փաթեթում լուծել՝ թերի է  երկու տեսակետից: «Առաջինը իշխանությանը դրանով տալիս եք քաղաքական «բազարի» հարց, այսինքն՝  իրենք կասեն դե լավ կգնանք փոփոխությունների, եթե սահմանադրական փոփոխություններն ընդունեք, ինչն անընդունելի է, երկրորդը՝ այն ուժերին որոնք «ոչ» են ասում սահմանադրական փոփոխություններին, բայց կողմ են ընտրությունների անցկացման փոփոխությանը կամ մյուս փոփոխություններին,  երկուսը մի փաթեթի մեջ դնելով անհարմար վիճակի մեջ եք դնում, որ եթե մերժում եք սահմանադրական փոփոխությունները՝ նաև մերժում եք այդ փոփոխությունները: Ինչո՞ւ չէր կարելի հենց հիմա, մինչև սահմանադրական փոփոխությունները անցկացնել»,- ասաց նա:

«Կարծում եմ թերի մոտեցումների համար ամեն քաղաքական ուժ պետք է ինքն իրեն հարց տա, հետո նոր դիմացի ուժին»,- հակադարձեց հիմնական զեկուցող ՀՅԴ պատգմավորը: Նա նշեց, որ փաստ է, որ 20 տարուց ավելի է հանրաքվեի ամբողջականությունը չի փոխել:«Գոնե քաղաքականության մեջ հակափաստարկներով պետք է խոսել, դրա համար առաջարկում ենք բովանդակային տեսքով քննարկել, ոչ թե հայտարարությունների տեսքով»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել