Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը համոզված է, որ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը բաշխիչ ցանցերում վերից վար տեղի ունեցող գողության հետևանքն է:

Tert.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը նշեց, թե նույն ՀԷՑ-ում երաշխավորված շահույթը շատ մեծ է, վարկերը շատ են, իսկ կորուստները ահավոր չափերի: «Արդյունքում  սակագինը գալիս է հասնում 50-60 դրամ»,-ասաց նա: 

Նշենք, ՀԷՑ-ը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու առաջարկով:

Արամ Մանուկյանը հղում է անում էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին, ով նշել էր, թե համակարգում գողություն է կատարվել: «Եթե նախարարն ասում է՝ գողություն է կատարվում համակարգում, հաջորդ քայլը պետք է լիներ այն, թե մենք այդ գործերը հանձնել ենք դատախազություն»,-նշեց նա և հավելեց, թե նախարարը  ճիշտ է ասել՝ գողություն իսկապես կատարվել է, որի մի մասը, ըստ նրա, օրինականացված է:

«Երաշխավորված 10% շահույթ են իրենք ստանում, ինչ ուզում ես արա, մեկ է՝ ինքը իր շահույթի տերն է»,-ասաց նա և անցավ հաջորդ պատճառին՝ կորուստներին:

«Կորուստները տրամաբանությունից դուրս են՝ մինչև 15%, սա օրինականացված գողություն է, չի կարող այդպիսի բան լինել, որովհետև տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներով ներդրումներ է արվում համակարգում, վարկեր են վերցնում, իսկ այդ վարկերը շատ ծանր վարկեր են, ու սակագնի վրա են նստում և քաղաքացիների համար բեռ դառնում»,-ասաց նա:

ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ հարևան և նախկին ԱՊՀ երկրներում միջինացված երկու անգամ էժան է հոսանքի սակագինը Հայաստանից: «Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան. բոլոր նշվածս վայրերում ամենաթանկ հոսանքը Հայաստանում է»,-ասաց նա:

Սրա հետ մեկտեղ, ըստ նրա, լավ մենեջմենթի պակաս էլ կա. «Համակարգում փնթի վիճակ է, կամ չեն կարողանում կազմակերպել, կամ՝ իրենց դա պետք չէ»: 

Արամ Մանուկյանը պնդում է՝ գողություն ամենուր է՝ ներդրումներից սկսած, մինչև տեսուչների  աշխատանքը: «Ցանկացած մոտ տեսուչի կարող եք հարցնել, կպատմեն՝ ինչ է կատարվում այս ոլորտում՝ վերից վար»,-ասա նա:

Պատգամավորը չի կարծում, որ 17 դրամ կթանկացնեն. «Տարիներ շարունակ կիրառվող հնարք է, որ դու հիմա պատկերացնես, թե ինչ ահավոր բան է լինելու՝ 60 դրամ է դառնալու, և  մեկ էլ կիսով չափ ենք թանկացնում՝ 8-10 դրամով, ասենք վայ մեռնելուց պրծանք»:

Ըստ նրա՝ նույնիսկ այդ կիսով չափ թանկացումը տնտեսությանը լուրջ վնասներ կհասցնի՝ արդյունաբերություն, արտադրություն: Արամ Մանուկյանին հատկապես զարմացնում է գործարարների վերաբերմունքը:

«Ամոթ է, որ ամենաշատն իրենք են վնաս կրում, բայց ձեն չեն հանում, սպասում են, որ երեխաները, ուսանողները փողոց դուրս գան, իրենք էլ  կողքից թաքուն բալետ անեն, թե հաջողության կհասնեն, թե չէ: Առաջին հերթին և ամենաշատը  տուժելու են արդյունաբերողները փոքր բիզնեսը և միջին բիզնեսը»,-ասաց նա: 

Բնականաբար ըստ նրա՝ կտուժեն նաև քաղաքացիները, որոնք վստահաբար կկրճատեն հոսանքի սպառումը և խնայողության ռեժիմի կանցնեն: «Արդյունքում ոչ միայն քաղաքացին ու արտադրողը, այլ նաև համակարգը, քանի որ համակարգն ապրում է փող տվողի հաշվին, սպառողի հաշվին»,-ասաց նա: 

Լուծումը ըստ Մանուկյանի՝ 10%-ը երաշխավորված շահույթից զրկելն է, որը կազմում է 10-13 մլրդ դրամ: «Պետք է ասել, գնա՝ այդ շահույթից քեզ զրկի, գնա պարտքերդ մարի: Մեկ տոկոս կորուստը կազմում է 2,5 մլրդ դրամ, բարի եղեք այդ 15%-ոց կորուստի 5%-ը գոնե քչացրեք, արդյունքում 10 մլրդ դրամ կորուստների  հաշվին օգուտ քաղեք, իսկ իրենց տարեկան պարտքը հենց այդքան է կազմում»,-ասաց նա:

Իսկ թե ի՞նչ արձագանք կլինի, Մանուկյանը ի կարող ասել, բայց նշում է, թե կցանկանար, որ երիտասարդությունը, ՀԿ-ները, քաղաքացիական խմբերը, արտադրողները, նաև քաղաքական ուժերն ակտիվանան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել