Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է Բերձոր՝ քաղաքի ազատագրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Իր ողջույնի խոսքում Արայիկ Հարությունյանն ընդգծել է Բերձորի ազատագրման կարևորությունը շրջափակված Արցախը Հայաստանի Հանրապետության հետ ճանապարհային կապ հաստատելու  գործում: «Այդ ծանր օրերին Բերձորի ազատագրումը դարձավ համազգային նշանակության իրադարձություն, որի շնորհիվ բացվեց Արցախի բնակչության կյանքի ճանապարհը: Ավելին՝ տասնամյակների բաժանումից հետո հայոց այս հողակտորը միավորվեց մայր Հայաստանի հետ, ինչը պատմական կարևորություն ունի»,- նշել է վարչապետը:

«Քաշաթաղի ողջ շրջանը գտնվում է ԼՂՀ իշխանությունների հոգածության ներքո, և այստեղ իրագործվող տնտեսական և սոցիալական ընդարձակ ծրագրերը լավագույն պատասխանն է շրջանի քաղաքական ապագայի անորոշության վերաբերյալ զրույցներին: Սա հայկական հնամենի հող է, և բոլորս պարտավոր ենք այն պահպանել ու շենացնել, մանավանդ որ 23 տարի առաջ հայ զինվորի բազկի ուժով վերականգնվել է պատմական արդարությունը»,- ընդգծել է վարչապետ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը երախտիքի խոսք է հղել միջոցառմանը ներկա իր մարտական ընկերներին, ում հետ 1992թ. մայիսի 18-ին նա մասնակցել է Բերձորի ազատագրման գործողությանը:

Վարչապետն այնուհետև այցելել է Բերձորի երկրագիտական թանգարան՝ ծանոթանալով տեղում ցուցադրվող նմուշներին և թանգարանի շենքային պայմաններին: Վերջում Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել իր հովանու ներքո կազմակերպված բիլիարդի մրցաշարի եզրափակիչ խաղին, որը նվիրված էր հիշարժան օրվան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել