Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը։ Իր ավստրիացի գործընկեր Հայնց Ֆիշերի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ այդ միջոցներն անհրաժեշտ են հարևան երկրների հանդեպ ՌԴ-ի քաղաքական գործողությունների անընդունելիությունը ցուցադրելու համար, փոխանցում է newsru.com-ը։

«Տարածաշրջանում անկայուն իրավիճակ է, ինչն արտացոլվում է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսական խնդիրներում, ազդում է նաև Վրաստանի տնտեսության և, առհասարակ, տարածաշրջանում կայունության վրա։ Սակայն երբ մենք խոսում ենք պատժամիջոցների և բացասական հետևանքի մասին, որոնք այդ պատժամիջոցներն ունեցել են Վրաստանի համար, ապա պետք է հիշենք՝ ինչի՞ համար են այդ պատժամիջոցները սահմանվել»,- ասել է Մարգվելաշվիլին։

Նրա կարծիքով՝ նման միջոցների միակ նպատակն Ուկրաինայի տարածքում պատերազմի դադարեցումն է։

Ընդ որում՝ Վրաստանի նախագահը նշել է, որ իր երկիրն օգուտ չի ստանում այդ պատժամիջոցներից։ «Տնտեսական խնդիրները Ռուսաստանում բացասական ազդեցություն են ունենում երկրի տնտեսության վրա»,- նշել է Մարգվելաշվիլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել